Խնդիրը լուծվեց 1 ժամվա ընթացքում. երբ պատկան մարմինները սկսում են աշխատել MediaHub-ի հրապարակումից հետո

Երեկ MediaHub.am-ն անդրադարձել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Հերացի 18Ա շենքի կոյուղաջրերի խնդրին։
Կոյուղատար խողովակի վնասման պատճառով շենքի բակում կոյուղաջրերի «լճակ» էր գոյացել։ Մոտ չորս ամիս առաջ ծագած խնդիրը լուծելու հույով շենքի բնակիչները դիմել էին պատասխանատու օղակներին՝ քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», սակայն որևէ արձագանք չէր եղել։
Իսկ երեկ, մեր նկարահանումներից մոտ մեկ ժամ հետո, երբ հերթով զանգահարում էինք պատկան մարմիններին խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, շենքի բնակիչները մեզ հայտնեցին, որ «Վեոլիա ջրից» մասնագետ է եկել բակ: Մեր ռեպորտաժի հրապարակումից մոտ տասը րոպե անց՝ 17:40-ին, երկրորդ զանգը ստացանք, որ խնդիրն արդեն լուծվում է, «Վեոլիա ջրի» մասնագետները տեղում աշխատում են։
«Որ ասենք հրաշքի է նման, հավատացեք, մենք չորս ամիս գարշահոտ ենք շնչել, էս ամենի դեմ պայքարելու միջոցներ փնտրել, բայց արդյունք չկար։ Ձեր գալուց հետո եկան ու սկսեցին աշխատել։ Փաստորեն, չորրորդ իշխանությունն իրոք ազդեցություն ունի»,- մեզ հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից մեկը։
ՀԳ․ Սա հերթական դեպքն է, երբ MediaHub.am-ի կողմից խնդիրը բարձրաձայնելուց ժամեր անց պատկան մարմինները սկսում են աշխատել։
Նարե Գնունի