Գեներալ Խաչատրյանը չի փախել կամ թաքնվել է քննությունից․ փաստաբան

Գեներալ Խաչատրյանը չի փախել կամ թաքնվել է քննությունից․ փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տեղեկացնում եմ, որ փաստաբան Վաչե Սիմոնյանի հետ ստանձնել ենք գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը։

Այս փուլում հարկ եմ համարում շեշտել, որ մամուլում տարածվող տեղեկատվություններն այն մասին, թե, իբր,  գեներալ Խաչատրյանը փախել կամ թաքնվել է քննությունից, չի համապատասխանում իրականությանը, հերյուրանք է և նպատակ ունի բացասաբար ազդելու գեներալ Խաչատրյանի հեղինակության վրա։ 

Ձերբակալման պահին գեներալ Խաչատրյանը գտնվել է ինձ հետ․ մենք միասին պատրաստվում էինք դուրս գալ և ներկայանալ ոստիկանության բաժին։ Տեղեկությունը, ըստ որի` Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում իրականացրել է խուլիգանություն, նույնպես հերյուրանք է։ 

Գործի նախաքննությանը չվնասելու նպատակով այս փուլում զերծ կմնանք գործի մանրամասների վերաբերյալ հրապարակային հայտարարություններից, սակայն վստահեցնում ենք, որ գործի քննությունը ցույց կտա, որ որևէ խուլիգանական արարք Տիրան Խաչատրյանը թույլ չի տվել։
Առայժմ կսահմանափակվենք այս հայտարարությամբ, խնդրում ենք լրացուցիչ մեկնաբանություններ մեզանից չխնդրել, հարկ եղած դեպքում մենք ինքներս կներկայացնենք հավելյալ տեղեկատվություն` ելնելով գործի հանրային հնչեղությունից»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արամուս բնակավայրում ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած կրակոցների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ կրակոցներ է արձակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։ 

Ըստ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի՝ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն կրելու ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։

Shamshyan.com-ը լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ Խաչատրյանի աչքի տակ կապտուկ կա։

Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ հունվարի 11-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։ 

«Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են»,- ասված էր հաղորդագրության մեջ: