Վիրավոր վիճակում ես փրկել եմ նաև քրոջս ու եղբորս․ 7-ամյա  Գուրգենի պատմությունը 

Վիրավոր վիճակում ես փրկել եմ նաև քրոջս ու եղբորս․ 7-ամյա  Գուրգենի պատմությունը 

Սեպտեմբերի 19-ից 20-ը Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, թշնամու կողմից խաղաղ բնակչությանը խոշտանգելու և վայրագությունների ամենաշատ դեպքերն արձանագրվել են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում։ Զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։

Լուրերը, որ տարածվում էին Ստեփանակերտում, ոչ միայն անհանգստացնող էին, այլև բնակչության շրջանում ստեղծում խուճապային տրամադրություն։

MediaHub-ը զրուցեց Սառնաղբյուր գյուղի 7-ամյա բնակիչ Գուրգենի հետ, ով սեպտեմբերի 19-ին քրոջ ու եղբոր հետ ադրբեջանական հրթիռակոծությունից  վիրավորում էին ստացել։ 

«Այդ օրը, երբ սկսեցին հրթիռակոծել գյուղը, մենք շատ ենք վախեցել։ Մեր գյուղապետը եկավ ու բնակիչներին իր մեքենայով տեղափոխեց անտառ, հետո գնաց, որ մյուս ընտանիքներին էլ բերի։ «Սնարյադը» եկավ ու պայթեց մեզանից մի քիչ հեռու ու մեծ փոս առաջացրեց, «ասկոլկաները» կպան վզիս, ոստքիս ու ձեռքիս։ Բոլորը լաց էին լինում, իսկ ես այդ ծխի մեջ մամայիս, քրոջս ու եղբորս էի փնտրում»,- այսպես սահուն ու ինքնավստահ տեսածն ու ապրածը պատմում է Գուրգենը, ավելացնում, որ ինքը նաև եղբոր ու քրոջ կյանքն է փրկել.

«Երբ հասկացա վիրավորվել եմ, շատ վախեցա, բայց երբ տեսա քույրս ու եղբայրս էլ են վիրավորում ստացել, ես էլ սկսեցի լացել։ Երբ մեր գյուղապետը եկավ, ես Սաթենիկին ու Նվերին գրկած հասցրել եմ մեքենայի մոտ, որ արնաքամ չլինեն, հետո մեզ տարել են Ասկերան, այնտեղից էլ Ստեփանակերտի հիվանդանոց»։

Գուրգենի մայրը՝ տիկին Էմման ասում է, որ չի էլ ուզում հիշել այդ օրը։ Ընդամենը կես ժամվա ընթացքում փոխվեց ամեն ինչ։ 

«Մի քանի րոպեի ընթացքում տղաս աչքիս առաջ մեծացավ։ Ինքը վիրավոր վիճակում մտածում էր մեջքից ու ոտքից բեկորային վնասվածք ստացած քրոջ ու եղբոր մասին։ Այդ օրվա տեսածս միայն ֆիլմերում եմ տեսել։ «Սնարյադները» կարկուտի պես թափվում էին գյուղի վրա։ Մինչ համայնքի ղեկավարը զբաղված էր բնակչության տարհանման աշխատանքներով, հրթիռակոծությունից մահացան նրա 15-ամյա տղան, հայրն ու զոքանչը»,- մղձավանջային օրերը հիշում է Էմման։ 

Էմմայի ընտանիքն ավելի ուշ իմացավ, որ մինչ իրենք գյուղի անտառային հատվածում էին, թուրքերն արդեն մտել էին գյուղ։ Սառնաղբյուրում ևս 2 երեխայի դի է հայտնաբերվել․ 10-ամյա Միքայելի և 8-ամյա Նվերի պարանոցի շրջանում առկա է եղել խոշտանգման հետքեր։ 

Էմման ու երեխաներն այժմ ապրում են Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում։ Երեխաները դասերին զուգահեռ նաև բուժում են ստանում, այժմ վերականգնման փուլում են։ 

Նոյեմբերի 4-ին Գուրգենի ծննդյան օրն է, հարցին, թե ի՞նչ կցանկանար ծննդյանը նվեր, ասում է՝ «հեռախոս», հետո ինքն իրեն հանդիմանում, ասում՝ «խաղաղություն ու բոլոր երեխաներին առողջություն»։

Հունան Թադևոսյան