ՔՊ-ում 2 հակադիր բեւեռ է ձևավորվում, Ձևական քննարկումներ կառավարության նիստերի ժամանակ. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում ՔՊ-ում այլեւս չկա նախկին միասնականությունը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը պարտադրում է, որ ՔՊ-ականները մեկ մարդու պես կրկնեն իր կարծիքը։
Մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն գրեթե հստակ է՝ 2 հակադիր բեւեռ է ձեւավորվում՝ նիկոլականներ եւ գրիգորյանականներ։ Խոսքն ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մասին է, ով մշտապես ընդգծված արեւմտամետ է եղել, հակառուսական հայտարարություններ արել, սակայն Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ իր դիրքորոշումներով անակնկալի է բերել ՔՊ-ականներին, հակադրվելով Փաշինյանի՝ ամեն գնով եւ հնարավորինս շուտ դեպի Եվրոպա թեքվելու քաղաքականությանը։
Թեպետ Գրիգորյանը քննարկումների ժամանակ ՌԴ-ի վերաբերյալ դրական դիրքորոշում չի հայտնում, սակայն փաստարկված ներկայացնում է ՀՀ կախվածությունը ՌԴ-ից եւ վերջինից կտրվելու բացասական հետեւանքները:
Նա այն դիրքորոշման կողմնակիցն է, որ Հայաստանի զարգացումը տարածաշրջանային ֆորմատում է հնարավոր, եւ Ռուսաստանն այստեղ էական դերակատարում ունի։ Չի բացառվում, որ իշխանությունը, գիտակցելով իր վարկանիշի անկումը, փորձում է թիմի ներսում «ընդդիմադիր» ուժ ձեւավորել, որը հաջորդ ընտրություններին կառավարելի հակակշիռ ունենա։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերին օրակարգում ընդգրկված հարցերից զեկուցվող է լինում առավելագույնը 2-3 հարց, որոնց շուրջ էլ ծավալվում են երկարաշունչ «քննարկումները»:
Թերթի տեղեկություններով՝ կառավարության յուրաքանչյուր նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նախապես ճշտում է, թե նիստի օրակարգում ինչ նախագծեր են ներառված, այլև անձամբ առանձնացնում է իր համար «ցանկալի» երեքը, որոնց շուրջ կարող է «ծավալվել», և որոնք կարող են փիառային էֆեկտ ունենալ։ Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ «ընտրյալ» հարցերը, որոնք պետք է զեկուցվեն և քննարկվեն նիստի ընթացքում, նախարարական կոմիտեներում առանձնապես երկար քննարկում չեն անցնում, որ կառավարության նիստում «ցույց տալու բան լինի», կարծիքների հակադրություններ լինեն և այլն:
Մեր տեղեկություններով՝ դա բացատրվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանրությանը ցույց տալ, թե ինչպես է «իր կողմից ընտրված լեգիտիմ կառավարությունն» աշխատում, ինչ հրաշք գործեր են անում, գումարած՝ ինչ ժողովրդավարական քննարկումներ են ընթանում։
Ըստ էության, սրա արդյունքում է, որ, չնայած օրակարգում զեկուցվող 2-3 հարց է ներառված լինում, սակայն նիստերը ձգվում են 90, հաճախ նաև 100 րոպե, իսկ շատ հաճախ որևէ հարց ընդունվում է դրա վերաբերյալ «տարբեր կարծիքների» պարագայում, չնայած իրականում բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին։ Ի դեպ, ուշագրավ է, որ կառավարության վերջին նիստը, որը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տևեց ընդամենը 25 րոպե:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Մարտի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ էր վարչապետը խոստացել այցելել Տավուշ եւ զրուցել բնակիչների հետ։ Այդ օրը գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ ինքը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը կսկսվի հենց Տավուշի մարզից։
Մարտի 18-ին արդեն Փաշինյանը հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Հանդիպումը հարթ չէր անցել. Փաշինյանը, ըստ բնակիչների, ասել է՝ եթե զիջումների չգնանք, պատերազմ կսկսվի:
Վերջին օրերին Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ակնհայտորեն լարված են եւ սկսել են ագրեսիվ դիմավորել գյուղեր այցելողներին։ Ոստիկանությունն արգելում է շատերի մուտքն անգամ, նույնիսկ եկեղեցի մտնելն են արգելել, օրինակ՝ Մարտական եղբայրության ներկայացուցիչներին:
Եւ, ահա, Փաշինյանի խոստացված մեկշաբաթյա ժամկետը երեկ լրացավ, սակայն ՀՀ վարչապետը Վրաստանից Հայաստան եկած պաշտոնական պատվիրակություններին դիմավորելու գործով էր զբաղված եւ տավուշեցիների մոտ ոչ էլ ներկայացուցիչ ուղարկեց:
Բնակիչների մի մեծ խումբ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Փաշինյանը խոստացել է եթե ոչ 7, ապա 10 օր անց կվերադառնա՝ լսելու տեղի բնակիչների առաջարկները եւ կարծիքները։ Նա ասել է՝ եթե անգամ ինքն էլ չկարողանա գալ, իր ներկայացուցիչը կգա եւ կլսի նրանց խնդիրները։ Հենց այս պատճառով տավուշեցիները, որոնց գրեթե 70 %-ը խորհրդարանական ընտրություններին քվեարկել է Փաշինյանի օգտին, լռում են եւ հրաժարվում մեկնաբանել իրավիճակը կամ կարծիք հայտնել։ Նրանք դեռ հավատով սպասում են իրենց համերկրացի Նիկոլ Փաշինյանի խոստման իրագործմանը։ Եթե հիշենք «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստերի մասին պատմող շարքը, ապա կարող ենք ասել, որ նրա համագյուղացիների սպասումները, հնարավոր է, այդպես էլ չարդարանան, կամ նրանք խորը հիասթափություն ապրեն»: