Կառավարությունը շտապում է 2. Արայիկ Հարությունյանը «կրե՞ց», թե՞ համոզեց Փաշինյանին

Կառավարությունը շտապում է 2. Արայիկ Հարությունյանը «կրե՞ց», թե՞ համոզեց Փաշինյանին

Նախօրեին MediaHub-ը տեղեկացրել էր այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը մեզ հետ զրույցում հաստատել էին ՍԱՏՄ-ից:

Մենք ոչ միայն գրել էինք, թե ով է հավանական թեկնածուն, որ կզբաղեցնի այս պաշտոնը՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը, այլև գրել էինք, որ Կառավարությունը շտապում է. ըստ ընթացակարգի՝ հրաժարականը պետք է հաստատվի կառավարման խորհրդի նիստում: Ի սկզբանե նիստը պետք է տեղի ունենար նոյեմբերի 7-ին, սակայն այն տեղափոխվել էր նոյեմբերի 8-ին: Բայց երեկ, հրաժարականի լուրը տարածվելուց ընդամենը ժամեր անց նիստը տեղի ունեցավ՝ օնլայն ձևաչափով, որի ընթացքում Հայրապետյանի հրաժարականը հրատապ կարգով ընդունվել էր: 

Իսկ ահա քիչ առաջ MediaHub-ին տեղեկացրեցին, որ Կառավարությունն այնքան է շտապում, որ այսօր արդեն ներկայացվել է նրա թեկնածությունը և առանց փաստացի նիստի, շատերն օնլայն քվեարկությամբ կողմ են քվեարկել: Հատկանշական է, որ պրակտիկայում խորհրդի անդամները քվեարկում են միայն թեկնածուի հետ հանդիպումից ու հարցեր տալուց հետո:

Հիշեցնենք, մենք գրել էինք, որ Արմեն Դանիելյանը համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «մարդը»: Այստեղ ուշագրավն այն է, որ Դանիելյանին այս պաշտոնին «տեղավորելու» հարցը վաղեմություն ունի, և մի քանի անգամ այն մերժվել է, այդ թվում և հենց Նիկոլ Փաշինյանի կողմից: Ի դեպ, ևս մեկ քվեարկության ժամանակ էլ Դանիելյանի թեկնածությանը դեմ է քվեարկել ներկայիս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Թե ինչպես այդպես ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը մտքափոխվեց և ի վերջո հավանություն տվեց Արայիկ Հարությունյանի կադրին, մեղմ ասած, տարօրինակ է: Փաստացի, այս պահին միակ եզրահանգումը, որ կարող ենք անել այն է, որ Արայիկ Հարությունյանը «կրեց», բայց միևնույն է տարօրինակ է Կառավարության նման շտապողականությունը: