Վարդազարյանն ու փաստաբանը չեն ներկայացել ԲԴԽ նիստին, սակայն դատավորներին «գործի են դրել»

Մեկնարկել է ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանավոր կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը։
Վարդազարյանն ու իր փաստաբան Արամ Օրբելյանը չեն ներկայացել նիստին, սակայն Օրբելյանը երկու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ, որոնցից մեկով առաջարկվում է Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը կարճել, իսկ մյուսով՝ հրավիրված նիստը հետաձգել։
«Հաշվի առնելով հանգամանքը, որ կողմը չի ներկայացել, սակայն ներկայացրել է երկու միջնորդություն, ուստի ԲԴԽ-ն պետք է քննարկի դրանք»,- ասաց նիստը նախագահող Գագիկ Ջհանգիրյանը։
ԲԴԽ նախագահը նկատեց՝ եթե խորհուրդը բավարարի առաջին միջնորդությունը, հետևաբար նիստը հետաձգելու կարիք չի լինի։
Այդպիսով, նախ ընթերցվեց Արամ Օրբելյանի ներկայացրած առաջին՝ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու միջնորդությունը, որը ներկայացվել է հունիսի 14-ին։
Նշենք, որ միջնորդությունը քննելու համար ԲԴԽ-ն գնաց խորհրդակցական սենյակ։
Հիշեցնենք, որ ԲԴԽ 3 գիտնական անդամի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել Վարդազարյանի դեմ` լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի հիման վրա, որտեղ վերջինս արտահայտել է տեսակետ ու տվել գնահատականներ՝ իբր խախտելով դատավորի չեզոքության սկզբունքը:
Նարե Գևորգյան