Դուք չեք կարող այս բանտախցում սպանել Արմեն Աշոտյանին․ Զոհրաբյան

Դատական դեպարտամենտը իրավական կոպտագույն խախտում է արել, այն որևէ իրավասություն չունի մեկնաբանելու դատավորի որոշումներն ու վճիռները։ Այդ մասին այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Աշոտյանի գործով դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրությանը։
Նրա խոսքով՝ դատական դեպարտամենտն այնքան իրավասություն ունի մեկնաբանելու դատավորի վճիռները, որքան ինքն իրավունք ունի հայտարարություն տարածել Արմեն Աշոտյանի դատական գործի վերաբերյալ։
«Բայց մենք տեսնում ենք, որ ԲԴԽ նախագահն օրը երեսուն անգամ ցիտում է Նիկոլ Փաշինյանին, թեև այն բացարձակապես ապաքաղաքական մարմին է՝ ըստ անձնագրի։ Բայց դե արդարադատության նախարար եղած ժամանակ էլ ասում էր, որ ամեն որոշում կայացնելիս նայում է Նիկոլ Փաշինյանի նկարին։ Ավելի քաղաքականացված մարմին, քան ԲԴԽ-ն է, չկա»,- նշեց Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ դատական դեպարտամենտը ներքաշված է քաղաքական գործընթացների մեջ։
«Եվ այս ամենը ցույց է տալիս, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։ Եվ Արմեն Աշոտյանի ընկերներն ամեն ինչ անելու են, որ միջագային կառույցները քայլ առ քայլ տեղեկանան այս քաղաքական բեսպրեդելին, որ տեղի է ունենում իրավականի քողի տակ»,- նշեց նա։
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ Արմեն Աշոտյանն իրեն արգելել է խոսել, բայց ինքը չի կարող լռել ու չներկայացնել Աշոտյանի առողջական վիճակը։
«Անգամ Արմեն Աշոտյանն ինձ չի կարող լռեցնել, նա երկու ծանրագույն վիրահատություն է տարել ողնաշարի, նա սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Եթե Նիկոլին թվում է, որ ինքը մի Արմենին դատարանում սպանեց, մյուսին էլ կարող է, չի լինելու։ Եթե ձեր հաշվարկն այն է, որ դուք սպանելու եք նաև Արմեն Աշոտյանին, խորապես սխալվում եք։ Դուք անգամ չկարողացաք մահացած Արմեն Գրիգորյանին դատարանում հաղթել։ Քանի որ Արմենը ճիշտ էր, դուք՝ սխալ։ Դուք չեք կարող այս բանտախցում սպանել Արմեն Աշոտյանին, ու եթե անգամ կարողանաք, միևնույն է, նրան չեք հաղթի»,- ամփոփեց խոսքը Նաիրա Զոհրաբյանը։