Պետության խնամքի ներքո գտնվող երեխաների «գրպանի գումարը» կավելանա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է վերանայել երեխաների խնամքի հաստատություններում նրանց տրամադրվող սոցիալական նվազագույն չափորոշիչները՝ դրանք համապատասխանեցնելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին։
Մասնավորապես, նախարար Նարեկ Մկրտչյանն այսօրվա կառավարության նիստում ընդգրկված հարցերից մեկով առաջարկում է ավելացնել խնամքի հաստատություններում բնակվող երեխաների «գրպանի գումարը», որով պետք է հոգան իրենց մանր ծախսերը։ Համաձայն նախագծի՝ կառավարության համապատասխան որոշման՝ «Չափորոշիչ VIII Երեխայի մանր ծախսերը» գլուխը առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Չափորոշիչ VIII Երեխայի մանր ծախսերը
16. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը, ինչպես նաև մանկա¬տունը շուրջօրյա խնամք ստացող ուսումնական հաստատությունում սովորող և միաժամանակ ուսումնական հաստատություն հաճախող երեխային ապահովում է անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարով։ Երեխաների հետ աշխատող մասնագետները սովորեցնում են երեխային խելամիտ և արդյունավետ օգտագործել ունեցած գումարը:
16.1 Անձնական մանր ծախսերի համար`
1) 6-9 տարեկան երեխաներին տրվում է ամսական 6.0 հազ. դրամ.
2) 10-15 տարեկան երեխաներին տրվում է ամսական 12.0 հազ. դրամ.
3) 16-18 տարեկան երեխաներին տրվում է ամսական 15.0 հազ. դրամ:
16.2. Շուրջօրյա խնամք ստացող երեխայի անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
Նածագծի հիմնավորման մեջ նշված է, որ վերջին երեք տարվա ընթացքում (2020 թվականից ի վեր), անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարի չափերը չեն վերանայվել և չեն ինդեքսավորվել, չնայած երկրում արձանագրված գնաճին: Հարցը քննարկվել է նաև երեխաների հետ՝ ապահովելով վերջիններիս լսված լինելու իրավունքը։
Հաստատությունների 7-18 տարեկան շահառուների (ընտրանքային եղանակով ընտրված) հետ կազմակերպված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված՝ 1141 ծրագրի 12001 միջոցառման շրջանակներում 7-12 և 13-18 տարեկան շահառուներին տրամադրվող գրպանի գումար ունենալու կարևորության, ծախսման նպատակների, խնայողություն իրականացնելու ունակության վերաբերյալ հետազոտության արդյունքները վկայում են, որ փոփոխությունը խիստ անհրաժեշտ է և շատ սպասված։
Հարցազրույցը կազմակերպվել է ըստ տարիքային խմբերի, որի արդյունքում հարցվածների շուրջ 70 տոկոսից ավելին առաջարկում են ավելացնել գրպանի գումարը, քանի որ այն չի բավականացնում դպրոց, մարզամշակութային կենտրոններ հաճախելիս իրենց առօրյա (քաղցրավենիք, խաղալիքներ, ընկերներին ծննդյան նվերներ, դպրոցում ընդմիջման կազմակերպում, տրանսպորտի վճար, անձնական մանր իրեր), երբեմն խիստ անհրաժեշտ ծախսերին՝ (նյութերի պատճենահանում, հեռախոսի լիցքավորում կամ վերանորոգում, հետաքրքրող գրականություն և այլն)։
Վահե Մակարյան