Փաշինյանից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին. Ժուռնալիստների միությունը դատապարտում է լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերը

Փաշինյանից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին. Ժուռնալիստների միությունը դատապարտում է լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերը

Այսօր առավոտվանից մեկնարկած ընդդիմության բողոքի, անհնազանդության խաղաղ ակցիաների շրջանակներում իրավապահ մարմինների, ուժային կառույցների ներկայացուցիչներն անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են իրադարձությունները լուսաբանող բազմաթիվ լրագրողների և օպերատորների գործունեությունը՝ կոպտորեն խախտելով նրանց իրավունքները։ Այդ մասին ասված է Հայաստանի Ժուռնալիստների միության հայտարարության մեջ։

Այդ գործողություններին մասնակցում են՝ ինչպես սովորական, այնպես էլ՝ հատուկ նշանակության ջոկատի ոստիկանական ծառայողներ: Ակցիայի որոշ վայրեր են խուժել անհասկանալի սև դիմակներով կասկածելի անձինք:

Հիշեցնենք, որ ոստիկանները, ըստ միջազգային կանոնների, պետք է լինեն համազգեստով՝ հստակ տեսանելի անհատականացնող տվյալներով՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Նշյալ կանոները անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում քաղաքացիների և ոստիկանության ծառայության աշխատակիցների կողմից շատ հաճախ չեն պահպանվում, ոտնահարվում են:

Այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում mediahub.am-ի և այլ լրագրողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառել Պետական պահպանության ծառայության՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ հարվածելով իրեն հարց ուղղող լրագրողին և նրան նկարահանող օպերատորին, այդ թվում՝ վնաս պատճառելով վերջինիս տեսախցիկին։