Լեռնիկի ու Մարետայի դժոխքը․ ադրբեջանական գերության մեջ հայտնված բնակիչները ծեծվել ու խոշտագման են ենթարկվել

Լեռնիկ Աղաջանյանն ու Մարետա Սարգսյանը միասին աշխատում էին Չլդրան և Ճանկաթաղ գյուղերի միջակայքում գտնվող անասնաֆերմայում։ Այնտեղ էլ հարմարեցված տուն կար, որտեղ ապրում էին։
Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանն Արցախի դեմ պատերազմ է սկսել, նրանք աշխարհից մեկուսացված, չգիտեին նույնիսկ, թե իրականում ի՞նչ է կատարվում։ 42-ամյա Լեռնիկ Աղաջանյանը MediaHub-ին պատմում է, որ իրավիճակն այնքան անորոշ էր, որ չգիտեին՝ ո՞ւր գնալ, 4 կողմից կրակում էին, պարզ էր՝ լայնամասշտաբ պատերազմ է։
«Նստել եմ ձին, գնացել, անասունները հավաքել-բերել ֆերմա։ Մարետային ասել եմ՝ «գնամ մեր գյուղ, եղբայրներս դիրքերում են, տեսնեմ՝ մերոնք ի՞նչ են անում, որտե՞ղ են»։ Երբ հասա Կիչան, մարդ չկար, մերոնք էլ տանը չէին, նորից հետ եմ եկել ֆերմայի տարածք, որ մտածենք որ ողջ մնալու համար որ կողմի վրա գնանք։ Այդ ընթացքում, որ ուշացել եմ, Մարետան դուրս էր եկել մոտակա անտառներ, որ փնտրի ինձ»,- պատմում է Լեռնիկը։
Նրա խոսքով՝ մոտ 100 մետր էր մնացել, որ հասնի ֆերմա, նկատել է իրեն մոտեցող զինված ադրբեջանական խմբին։ Լեռնիկը որսորդական համազգեստի տաբատ էր հագել, վերևը՝ քաղաքացիական հագուստ։ Ադրբեջանցիները շրջափակել են նրան, զենքի սպառնալիքի տակ ոտքից քաշել ու իջեցրել ձիուց, առանց որևէ բան ասելու սկսել ծեծել։
«Ծեծելը ո՞րն ա, պատկերացրեք՝ բոլորը զենքերով, ես գետնին ու խփում էին ինձ։ Ես ասում էի, որ ծառայող չեմ, որ այստեղ անասնապահությամբ եմ զբաղվում, բայց նրանք ինձ չէին լսում։ Մարմինս արյան մեջ էր, բռնության հետքեր դեմքիս, ծեծելուց բացի նրանք ծաղրում էին ինձ։ Այդ վիճակում հետո տարել են Աղդամ»,- հիշում է նա։
Լեռնիկի գործընկերուհին՝ Մարետա Սարգսյանը, առաջին պատերազմից հետո Շիրակի մարզից տեղափոխվել էր Արցախ։ Ապրում էր Մարտակերտի շրջանի Նոր Ջրաբերդ բնակավայրում։ 2020-ից հետո նա տեղափոխվել է Չլդրան գյուղ, որտեղ և աշխատում էր։ Նրա ընտանիքը Հայաստանում էր։ Մարետան փող էր հավաքել ու անհամբերությամբ սպասում էր, որ բլոկադայից հետո գար երեխաներին տեսակցության, նաև իր միջոցներով թոռան կնունքը կազմակերպեր։
Կինը MediaHub-ին պատմում է 7-օրյա գերության, ադրբեջանցիների կողմից կտտանքների ենթարկվելու մասին. «Այդ օրը տեսա, որ Լեռնիկն ուշանում է, սկսեցի ման գալ։ «Խասյաթ» ունեի հեռախոսս միացնել ու ինքս ինձ հետ զրուցելով քայլել։ Երբ առաջացա դեպի Ստեփանակերտ տանող մայրուղին, տեսա հարյուրների հասնող զինվորականների, որ գալիս են դեպի ինձ, հեռախոսս դրեցի գրպանիս մեջ, սկզբից մտածեցի ռուս խաղաղապահներն են։ Մոտեցան ու սկսեցին խոսել ադրբեջաներեն լեզվով, հասկացա, որ գերեվարված եմ»։
Մարետային շրջապատած ադրբեջանցիները խոստացել են՝ «մենք քեզ ոչինչ չենք անի»։ Կինը խնդրել է, որ իրեն բաց թողնեն, ինքնուրույն գնա, քանի որ անզեն է ու ոչ մի վտանգ չի ներկայացնում։
«Ջուր ու հյութ են առաջարկել, չեմ խմել, բայց ծարավ էի։ Ես իրենց հարցրել եմ Լեռնիկից, ասում էի ձիով տղամարդ է, իմ գործընկերն է, իրենք ինձ բան չասացին։ Որ հանգստացա, մոտեցան ինձ, նորից ջուր հյուրասիրեցին, ահավոր վատ էի։ Երբ ուզեցա ջուրը խմել, միանգամից մի քանի հեռախոսով նկարում էին, հետո հաց ու երշիկ էին հյուրասիրում ու էլի նկարում։ Այդտեղ հասկացա, որ իրենց գովազդ է պետք։ Նկարելուց հետո մեկը մոտեցավ ինձ, ասաց՝ «դուք ապրելու իրավունք չունեք, սատկացնելու ենք ձեզ»։ Ես վախեցա, հետո մեկ այլ ծառայող նրան նկատողություն արեց, ասաց, որ «այս կնոջը մի բան պատահի, սաղ կյանքդ բերդում ես անցկացնելու»։ Որ հենակետ տանում էին ինձ, հազարներով զինվորներ կային, բոլորը զինված ու միանգամից գալիս էին իմ ուղղությամբ, նվաստացնում էին ինձ»,- հիշում է կինը։
Մոտ 6 ժամ Մարետային անտառներում ու ադրբեջանական հենակետերում պահելուց հետո, մեծ մեքենայով տեղափոխել են Ակնա։ Այնտեղ հանդիպել է գործընկերոջը՝ Լեռնիկին։
«Լեռնիկը ծեծված էր, կողերը ջարդված, երեսին «սաղ» տեղ չկար, ճանկռած էր, մարմինը խոշտանգված, արյունլվա։ Հազիվ էր շարժվում տեղերի մեջ։ Ես խնդրեցի բժիշկներին, որ ջուր տան, գոնե մի բան անեն, բուժեն, ցավերը հանգստացնեն, բայց իրենք ինձ էլ էին վիրավորում։ Ինձ այնտեղ քաշքշել են, հրել, ծաղրել։ Ասեմ ձեզ, նույնիսկ ոստիկաններն ավելի մարդկային էին, քան բժիշկները»,- պատմում է 7 օր գերության մեջ մնացած 56-ամյա կինը։
Լեռնիկին կտտանքների են ենթարկել և՛ բժիշկները, և՛ ոստիկանները։ «Ասում էին անուններ տուր, ովքեր են ծառայում քո ընկերների մեջ, ովքեր են ղեկավարում մարտերը, մի խոսքով՝ ռազմական գործին վերաբերող հարցեր, որի պատասխանը ես չունեի, դրա համար էլ խփում էին»,-ասում է մեր զրուցակիցը։
2 օր անց Ակնայի գերիների պահման վայր են տեղափոխում ևս 4 հոգու։ Լեռնիկն ու Մարետան տեսել են սառնաղբյուրցի գերեվարված խաղաղ բնակիչներին։
«Ամեն գիշեր ծեծում էին, բորենիները չէին նայում, որ վիրավոր են։ Մտնում էին «պալատկաները» ստիպում, որ ասեն Շուշին Ադրբեջան է, Ստեփանակերտը՝ Խանքենդի է, մի խոսքով՝ էժան պրոպագանդա, չասելու դեպքում ծեծում էին»,- պատմում է Մարետան՝ այսպիսով տալով նույն վկայությունը, ինչ մեր նախորդ զրուցակիցները։ «Ժպտում էին, թեյ հյուրասիրում, հետո երբ նկարողները հեռանում էին՝ մեր կյանքը դժոխք էր դառնում»։
Լեռնիկ Աղաջանյանի քույրը՝ Լորետտան, Ստեփանակերտի Կարմիր խաչին է փոխանցել եղբոր լուսանկարն ու տվյալները, Կարմիր խաչը սկսել է որոնումները։ Դա Լեռնիկին շատ է օգնել։
Գերիներին հայկական կողմին փոխանցելուց 2 օր առաջ նրան այլևս չեն ծեծել։ Լեռնիկն ասում է, որ ադրբեջանական բանակի մի գեներալ ստուգել է իր տվյալները, հասկացել, որ ինքն անգամ բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով.
«Մեզ Աղդամից տարել են Շուշի, այնտեղից փոխանցել Ստեփանակերտի փրկարարներին»։
Հայաստան տեղափոխվելուց հետո Լեռնիկի ընտանիքի նախաձեռնությամբ նրան հոգեբանի մոտ են տարել, զուգահեռ նաև բուժման կուրսեր է անցել, բարեբախտաբար կազդուրվել է։ Այժմ արդեն աշխատանք ունի։ Ե՛վ Լեռնիկը, և՛ նրա գործընկերուհին ասում են, որ այն, ինչ տեսել են ադրբեջանական գերության մեջ, երբեք չեն մոռանա։
«Հետո առաջարկում էին համակեցությամբ ապրել… այդ գազանների հետ ապրել կլինի՞»,- զարմանում է Մարետա Սարգսյանը։
Հունան Թադևոսյան