Բա որ քանդվի՞. Հաղթանակ կամուրջը գլխացավանք է դարձել ու դեռ կդառնա

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանը գրառում է արել՝ իրեն ահազանգած քաղաքացու մատնանշած խնդրի առնչությամբ:
Խնդիրը վերաբերում է Հաղթանակի կամրջի վերանորոգման աշխատանքներին, որոնք օրերս են մեկնարկել և կտևեն, ըստ Երևանի քաղաքապետարանի «աչքալուսանքի», մինչև նոյեմբերի 20-ը:
Առանց այդ էլ Երևանը խցանումների պատճառով չի կարողանում շնչել և ահա վերանորոգում՝ կենտրոնական կարևորագույն հանգույցում, որի պատճառով խցանումը հատկապես պիկ ժամերին հասնում է մինչև Արգավանդի խաչմերուկ:
Բայց սա այլ հարց է՝ շատ ցավոտ:
Իսկ հիմա, ըստ ավագանու անդամին ահազանգած քաղաքացու և եթե նա ճիշտ նկատառում է անում, Հաղթանակի կամրջի վերանորոգումը բացասական հետևանքներ կարող է ունենալ՝ բացի խցանումներից, վերանորոգումը մշտական գլխացավանք կդառնա:
«Ահազանգ եմ ստացել շինարարից, որը մտահոգություն է հայտնել՝ Հաղթանակ կամրջի նորոգման աշխատանքների հետ կապված: Համացանցում տեսնելով այս լուսանկարը, շինարարն ասում է, որ նորմերի խախտում կա. բացակայում է նախապատրաստական շերտը, «խճի վրա պետք է բետոն լինի՝ 10+10+10 ամեն կողմից 150 դասի բետոն»: Ահազանգողը զգուշացնում է, որ նստվածք է առաջանալու, ջուրը դեպի մայթեր կուտակվելու է և քանդելու:
Քանի որ նման նրբությունների չեմ տիրապետում, հնարավորինս շատ մասնագիտական կարծիքներ եմ ակնկալում»,- գրել է Աբգարյանը:
MediaHub-ը հետամուտ կլինի խնդրի պարզաբանմանը: