Ո՞րն է բոլոր ֆրոնտներում ձախողված Անահիտ Ավանեսյանի ալիբին

Ո՞րն է բոլոր ֆրոնտներում ձախողված Անահիտ Ավանեսյանի ալիբին

Օրերս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամփոփում էր 2023 թվականը, սակայն գեղեցիկ փաթեթավորված վիճակագրության ետևում ոլորտից քաջատեղյակների աչքից չէր կարող վրիպել այն, որ նախարարը պարզապես խուսանավում էր իրական խնդիրներին վերաբերող հարցերից: Իսկ խնդիրները կան եւ շարունակում են ոչ միայն մնալ, այլև խորանալ։

Ակնհայտ է, որ այս ամենը չի կարող չհասկանալ նույն նախարարը` քաջ գիտակցելով, որ մասնագիտական հանրույթը կփորձի գտնել խողովակներ խնդիրները վերադասին հասցնելու համար, ուստի լծվել է «մեղավորներ նշանակելու» գործին։ Արդեն գրվել է այն մասին, որ ասուլիսից անմիջապես հետո ազատման դիմում են ներկայացրել առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը եւ ԾԻԳ տնօրեն Երվանդ Էլիբեկյանը։ Նրանք մեղավոր են նշանակվել Մարտունու ԲԿ շենքի շուրջ բարձրացված աղմուկի համար։

Փոխնախարարն, ի դեպ, մասամբ հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, թե այս փուլում արձակուրդում է և հրաժարվեց ուղիղ պատասխանել հարցին՝ դիմում գրե՞լ է, թե՞ ոչ: Որքան հասկանում ենք՝ արձակուրդից հետո նա այլևս չի վերադառնա նախարարություն:

Նախարարն, իհարկե, մեղավորներ նշանակեց, բայց ոլորտի քաջատեղյակները լավ գիտեն, որ հենց նախարարն է շտապեցրել բոլորին վարչապետի այցից առաջ հերթական գեղեցիկ կադրն ապահովելու համար՝ իրականում շատ լավ իմանալով, որ հիվանդանոցը դեռ պատրաստ չէ, եւ շատ թերություններ դեռ հարկավոր է շտկել, որի համար կա սահմանված ժամանակ։ 

Սրանից զատ, մասնագիտական հանրույթին խիստ զարմացրել է ասուլիսի մեկ այլ դրվագ եւս։

Կարմրուկի ռեկորդային վատ ցուցանիշների եւ խայտառակ իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարարը, չգիտես ինչու, որոշեց թվարկել իր բոլոր հարազատներին՝ չմոռանալով անգամ երեխաներին, շեշտադրելով, որ ինքը ոչ մի կապ չունի «Ուիգմորի» հետ։ Նախարարը մոռացավ նշել, սակայն, որ հենց ինքն է ՊԱԳ-ի տնօրեն նշանակել «ուիգմորական» Ահարոն Բարսեղյանին, որն էլ իր հերթին «ուիգմորական» փորձագետներով որոշել է այս ԲԿ-ի եւ դրա մրցակից կազմակերպությունների պետպատվերը։ Իսկ բուն կարմրուկի մասով նախարարությունը ոչ միայն քայլեր չի ձեռնարկել՝ «Ուիգմորում» ստուգումներ եւ դիտարկումներ իրականացնելու եւ այդպիսով պարզելու կարմրուկի տարածման հարցում դրա մեղավորության չափը, այլեւ հենց նախարարությունն է ամեն ինչ արել, որ բոլորի աչքից աննկատ մնա, որ հենց «Ուիգմորից» տարածվեց վարակը։

Իսկ թե ինչու է նախարարը այդքան ջանասիրաբար լծվել այս ԲԿ-ի պաշտպանությանը, եթե ոչ մի կապ չունի վերջինիս հետ, հավանաբար գիտի միայն նախարարը, եւ լավ կլիներ, որ հետաքրքրվեին եւ իմանային նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկները։ 

Այդուհանդերձ, մասնագետները համոզված են, որ նախարարը նաեւ այս խնդրի համար կգտնի եւ կնշանակի նոր մեղավորներ, իբրեւ թե ինքը ոչ թե խնդիր ստեղծողն է, այլ այն լուծողը։ Մեղավորներ կնշանակի ոչ միայն այս խնդրի, այլ նաեւ ապօրինի ազատումների, չկայացած մրցույթների, ձախողած ծրագրերի եւ այլ բացերի համար՝ աշխատանքից ազատելով տեսակ եւ կարծիք ունեցողներին, իր կողքին պահելով «օ՜, հրաշք նախարար, դուք անկրկնելի եք» երդում տվող կամակատարներին։ Փորձագիտական հանրությանը խիստ զարմացնում է, թե ինչպես կարող է ոլորտն այսպես ձախողած, այսքան խնդիր ստեղծած, անգամ իրավական հարթության մեջ խնդիրների առջեւ կանգնած իրավաբան առողջապահության նախարարն այդքան հեշտությամբ իր վրայից մեղքը բարդել մյուսների վրա, ստեղծելով մի տպավորություն, թե ինքը «վարչապետի մարդն է եւ պրոբլեմ չունի»։

Ու սա այն դեպքում, երբ Ավանեսյանից դժգոհ են ոչ միայն ոլորտի պրոֆեսիոնալները, հնաբնակները, այլ նաեւ անգամ հենց բուն ՔՊ-ականներից շատերը։ Գուցե պատճառն Ավանեսյանի ամուսի՞նն է, ով աղանդավորական կազմակերպության համահիմնադիր է եւ հավանաբար մեծ դերակատարություն ունի թե՛ այսպես կոչված «թավշյա հեղափոխության» կայացման, թե՛ եկեղեցու դեմ իշխանության կողմից վարվող քաղաքականության գործում։