Գլխատել կրթությունը և հավերժ մնալ իշխանության

Գլխատել կրթությունը և հավերժ մնալ իշխանության

Հաճախ է իրավացիորեն հիշատակվում, որ Հայաստանում քաղաքական մթնոլորտի առողջացման և իշխանափոխության առաջնային շարժիչ ուժը պիտի լինի կրթությունը, կրթված անձանց առաջմղումը։ Ուշագրավ է ընդամենը թռուցիկ հայացք ձգել այս իշխանախմբի գործողություններին՝ տեսնելու, թե ինչպիսին է նրանց իրական վերաբերմունքն այդքան թմբկահարված ռազմավարական գերակայության՝ կրթության հանդեպ։

Հատելով բոլոր թույլատրելի և անթույլատրելի գծերը՝ այս վարչախումբը դիմում է ամենաանընդունելի և զազրելի պրակտիկային՝ վարչապետի մարզային այցերի ժամանակ դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին հարկադրում է զգաստ շարվել և ծափ տալ նրան։ Հետո էլ կառավարության նիստերին լսում ես, թե իբր կրթությունը, հատկապես հանրակրթությունն ազգային անվտանգության հիմնաքարն ու գրավականն է, թեև ազգային անվտանգության ռազմավարությունում կրթություն բառն անգամ չկա։ Փաշինյանի պատկերացումները կրթության մասին, փաստորեն, խիստ համարժեք են հենց ազգային անվտանգության նրա ընկալմանը՝ որքան անարժանապատիվ, անհայրենիք և քննական մտածողությունից զուրկ սերունդ կրթեն, այնքան ավելի անխոցելի և պաշտպանված իշխանություն կունենան։

Դե իսկ ինքնավար և որակյալ բարձրագույն կրթության հանդեպ Փաշինյանը, սեփական անավարտ համալսարանական ուսումնառությամբ պայմանավորված, ակնհայտ անբարեհաճ, անգամ թշնամական վերաբերմունք ունի։ Նրա կառավարման օրոք առանց բացառության բոլոր պետական բուհերի կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդները վերածվել են ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարած օժանդակ կառույցների, դարձել ավելորդ ձևականություն, և կամ էլ՝ մատնված են բացարձակ անգործության, ինչպես, օրինակ, Մայր բուհի դեպքում էր 2019-2021 թթ․-ին։

Էլ չասած, որ Երևանի պետական համալսարանի՝ որպես հիմնադրամի, կառավարումը կոպտորեն ոտնահարում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը։ Ըստ դրա՝ պետությունն իրավունք չունի հիմնադրամ ստեղծելու։ Իշխանության գալու օրերին բուհական ինքնավարություն խոստացող Փաշինյանն այսօր միանձնյա հաստատում է բոլոր պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների ցանկը, նշանակում դրանց նախագահներին, ասել է թե՝ բուհական վերակացու ՔՊ-ականներին։ ԵՊՀ լուսահոգի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ խարդավանքների ֆոնին իշխանախումբը հետևողականորեն տապալում էր Մայր բուհի նոր ռեկտորի մրցույթը, մինչև որ գտավ կամակատար ու անդեմ մի արարածի և նրան կարգեց այդ բարձր պաշտոնին։ Բուհերի հոգաբարձուների խորհուրդները Փաշինյանի յուրատեսակ կցորդներն են, նրա «լուսավոր գաղափարների» տեղայնացնողները երիտասարդության, ուսանողության շարքերում։ Ռեկտորներն էլ, իրենց հերթին, փոխանակ հաշվետու լինելու հոգաբարձուների անկախ խորհուրդներին, քաղաքական որոշումների արդյունքում նշանակված անձինք են՝ հաճախ զուրկ գիտական և կառավարչական արժանիքներից։

Իր իսկ խոստումներին դեմ գնալով՝ Փաշինյանն իր վարքով և գործողություններով հաստատում է, որ ուզում է բացարձակ վերահսկելիություն ապահովել ամենուր, այդ թվում՝ կրթության ոլորտում։ Ամենաանհեթեթ պատրվակներով կառավարությունը միջամտում է պետական բուհերի կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդների աշխատանքին։ Փոխանակ մրցունակ գործատուների ղեկավարներին, առաջատար ուսանողներին և հրավիրյալ գիտնականներին այդ խորհուրդներում ընդգրկելու՝ Փաշինյանը դրանք համալրել է ծառայամիտ և միջակ ընդունակությունների տեր ֆունկցիոներներով, որոնք առանց դիմադրության կդակեն բուհերը վերջնականապես դիմազրկելու նրա հրահանգները։ Այս պարզ կոմբինացիաների արդյունքում էլ, ցավոք, հնարավոր չի լինում ընդդիմադիր շարժումների ժամանակ մոբիլիզացնել բավարար թվով ակտիվ ուսանողների՝ փողոցն այդպիսով զրկելով ամենաշարժուն և հեղափոխական տարրից՝ երիտասարդությունից։

 

Դավիթ Սարգսյան