Հաագայի դատարանի որոշման կյանքի կոչման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը հրամայական է. Միրզոյանը՝ Շվեդիայի ԱԳ նախարարին

Հաագայի դատարանի որոշման կյանքի կոչման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը հրամայական է. Միրզոյանը՝ Շվեդիայի ԱԳ նախարարին

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ:

Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակներում գրանցված ձեռքբերումներին և այդ համատեքստում ընդգծել ՀՀ գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության հաստատման համատեքստում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության դերը, որի տեղակայման վերաբերյալ որոշումը կայացվեց ԵՄ խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության հարցեր։ Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրամայականը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու կարևորությունը: