ՔՊ-ականները հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին, էրատոյի անդամը՝ կասկածյալ․ Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ականները հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին, էրատոյի անդամը՝ կասկածյալ․  Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան կրկին թիրախավորել է արցախցիներին եւ նրանց իրավունքներով, մասնավորապես վերադարձի հարցերով զբաղվող Վարդան Օսկանյանին: Գրում են, թե իրականում նախկին ԱԳ նախարարը ոչ այնքան արցախցիների վերադարձով է զբաղվում, որքան իշխանության դեմ պայքարի համակարգմամբ։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արցախի ԱԺ իշխող կուսակցության` «Ազատ հայրենիքի» պատգամավոր Արեւիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ, որ նա կուսակցության աշխատանքային «չաթից» պատճեններ է տրամադրել իշխանական քարոզիչներին: Մասնավորապես, կուսակցության ներքին «չաթում» տեղեկացրել են, որ Արցախի հարցով հանձնախմբի հաշվետվությունից բացի, «այսօրվա հանդիպմանը» քննարկվել է նաեւ օրվա հրամայականը՝ սրբազանի առաջնորդած շարժման հարցը․ «Որոշում է կայացվել՝ Արցախի թեմի առաջնորդի կողմից կլինի հայտարարություն, կոչ` շարժմանը միանալու վերաբերյալ»: Այս խոսակցությունն է փոխանցվել իշխանություններին, ինչն էլ հիմք է դարձել շահարկելու, որ Օսկանյանը հակաիշխանական ցույցեր է համակարգում։ Ի դեպ, արցախցիները խոսում են, որ Արեւիկ Պետրոսյանն այդ ամենն անշահախնդիր չի արել, այլ կոնկրետ վարձատրության դիմաց, քանի որ նա Աննա Հակոբյանի մտերիմներից է եւ 44-օրյա պատերազմի օրերին էլ անդամագրվել էր Փաշինյանի կնոջ «Էռատո» ջոկատին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին, քայլին ու ծրագրերին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է թիմակիցներին Սրբազանի հայտարարությունների հետ կապված անպայման հակափաստարկներ ներկայացնել, հերքել ու տարբեր պնդումներով ցույց տալ, որ Բագրատ Սրբազանը «նախկիններից» է, ու նրա նպատակը «նախկիններին» իշխանության բերելն է: Բայց հրահանգվել է դա անել կոռեկտ, առանց անվանական վիավորանքների, որպեսզի միջազգային գործընկերները «ամոթանք տալու» առիթներ չունենան: Նույն աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է, ինչ Փաշինյանի հետ տետ-ա-տետ չեն հանդիպել թիմակիցները, քննարկմումներ չեն ունեցել, բայց տարբեր ձեւերով մեսիջներ են ստանում` Բագրատ Սրբազանին անհայտ օգտատերերի միջոցով վարկաբեկելու ուղղությամբ: Ակտիվ է նաեւ Փաշինյանի ընտանեկան կայքը:

Հիշեցնենք, որ Փաշինյանի հետ վերջին ժամանակներում ՔՊ-ն հաճախ էր հանդիպում, բայց Սրբազանի սկսած շարժումով պայմանավորված՝ հանդիպումները չեն կայանում, քանի որ մտավախություններ ունեն, որ բողոքի ակցիաները կարող են տեղափոխվել իրենց գրասենյակի հարակից տարածքներ: Դրա համար Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակահատվածում նաեւ վարչության հետ հանդիպում չի ունեցել (նրանք ամեն երեքշաբթի հանդիպում էին), ու վարչությունը անհամբեր սպասում է, թե երբ են հավաքվելու` իրավիճակը քննարկելու ու իրենց անելիքները հասկանալու համար»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Ինչպեսեւ խոստացել էր, Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա հայտնեց, որ հանդիպել է «Հայաքվեի», «Ապրելու երկիր»-ի ներկայացուցիչների, Սուրեն Սուրենյանցի եւ այլ ուժերի հետ։ Տեղեկացանք, որ հանդիպումները կայացել են Երեւանի կենտրոնում՝ «Երեւան փլեյս» հյուրանոցում: Սրբազանը կուսակցական գործիչներին հայտնել է, որ տեւական մտորումներից հետո հանգել են նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքը լինի, քանի որ ցանկացած այլ թեկնածուի դեպքում շարժման ձախողվելու վտանգը կա։ Իսկ իր հանդիպման նպատակն այն է, որ հրապարակային աջակցություն ստանա քաղաքական դաշտից, որոնք նաեւ կոչ կանեն ԱԺ-ին՝ փոխել Սահմանադրության այն դրույթը, որն արգելում է երկքաղաքացիներին առաջադրվել ՀՀ վարչապետի թեկնածու: Քանի որ Բագրատ սրբազանը տեւական ժամանակ եղել է Կանադայի թեմի առաջնորդը, Կանադայի իշխանությունը նրան շնորհել է Կանադայի քաղաքացիություն։

Մեզ ասացին, որ բոլոր ուժերը տվել են համաձայնություն եւ հանել են իրենց թեկնածությունների քննարկման հարցը: Մնում է պարզել, թե գործնականում հնարավոր կլինի՞ դա իրականացնել: Ճիշտ է` Սահմանադրության նշված դրույթը կարող է փոխվել հենց խորհրդարանում, ինչպես 2020 թվականին արեց ՔՊ-ն` Սահմանադրական դատարանը զավթելու համար: Բայց այսօր խորհրդարանական մեծամասնությունը կգնա՞ այդ քայլին: Սահմանադրական նորմը փոխելու համար պահանջվում է պատգամավորների 2/3-ի կողմ ձայնը։ Ինչը նշանակում է, որ խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու․ նախ՝ Սահմանադրության փոփոխություն, ապա՝ սրբազանի ընտրություն ԱԺ-ում: Նշենք, որ սրբազանի հետ այս հանդիպումներին մասնակցել է նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվը՝ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, Սուրեն Պետրոսյանը։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական քարոզչությունը մի կայուն թեզ ունի, որի հիմնական միտքն այն է, թե ներքաղաքական կյանքում ինչ լինում-չի լինում՝ իշխանության համար պայքար է, պարզունակ մատուցմամբ ու ընկալմամբ՝ «աթոռի կռիվ»: Բնականաբար, ընթացիկ հանրային զարթոնքին զուգահեռ, վերստին շրջանառության մեջ է դրվել այդ քարոզչական կաղապարը, թե այսինչ ուժը, այնինչ անհատը ուզում են գալ իշխանության: Դրա հիմնական լեյտմոտիվն այն է, որ մարդկանց մեջ արմատավորվի, թե տեղի ունեցողը «իշխանության կռիվ» է: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո պետք է ձևավորվի իշխանություն: Սա քաղաքագիտության, քաղաքականության ու պետականության դասական տրամաբանությունն է: Բայց... Կարելի է կարծել, թե Հայաստանը բարվոք ու խնդիր չունեցող մի երկիր է, որ մարդիկ «ուզում են գալ իշխանության»:

Իրականում Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն ու նրանց կառավարման 6 տարին Հայաստանն ի՞նչ են դարձրել, ինչի՞ են վերածել: Եթե հակիրճ՝ ավերակների: Եթե ավերակ բնորոշումը մի փոքր բացենք, ապա զուտ հակիրճ թվարկումն արդեն խոսուն է. կորսված Արցախ, խոցելի անվտանգություն, քայքայված պաշտպանական ու անվտանգային համակարգեր, հարյուր հազարից ավելի հայրենազրկված հայություն, հարյուրավոր քառակուսի կիլոմետրերով թշնամական վերահսկողության տակ տրված տարածքներ, փուչիկ տնտեսություն, ահռելի՝ 12 միլիարդ դոլարի հասցված պարտք, տապալված արտաքին քաղաքականություն, տնաքանդ ու երկրաքանդ ներքին քաղաքականություն, համազգեստավորված «բեսպրեդել»:

Մի խոսքով՝ հենց ավերակներ: Ըստ էության, սեղանին դրված է լինելչլինելու խնդիր, ու մենք արդեն դուրս ենք եկել դասական քաղաքական պատկերացումներից էլ, դասական քաղաքական վիճակից էլ: Եվ նման պայմաններում, եթե կան մարդիկ, որոնք պատրաստ են ստանձնել պատասխանատվություն, ապա դրա հիմնական նպատակը երկրի ու պետականության առկա ծվենները փրկելն է: Ավելին, Փաշինյանի ու ՔՊ-ի վեցամյա ավերակումից հետո, ով էլ որ գա իշխանության, մտնելու է ծանրագույն բեռի տակ: Պատկերավոր ասած՝ սրանցից հետո հաջորդ կառավարությունը «մահապարտների ջոկատ» պետք է լինի (անձնազոհության իմաստով), այդ տրամադրվածությամբ պետք է գործի, որ նախ՝ անկումը կասեցվի, հետո էլ առկա վիհից սկսենք դուրս գալ:

Գործնականում հաջորդը լինելու է «պետությունն ավերակներից դուրս բերելու» կառավարություն: Այնպես որ, երբ փաշինյանական քարոզիչները «աթոռակռվից» կամ «իշխանություն խլելուց» են խոսում, իսկ ոմանք էլ մեխանիկորեն կրկնում են, արժե շատ հանգիստ, առանց հույզերի, սթափեցնող հարց տալ. իսկ այդ ի՞նչ վիճակի, ի՞նչ օրի է հասցվել երկիրը, որ այն կառավարելը այդքան ցանկալի մի բան լինի: