Բլոկադայի պատճառով փոքրիկը Արցախից ժամանակին չի տեղափոխվել Երևան. Աննան բոլորիս աջակցության կարիքն ունի

Բլոկադայի պատճառով փոքրիկը Արցախից ժամանակին չի տեղափոխվել Երևան. Աննան բոլորիս աջակցության կարիքն ունի

«Երբ երեխան ծնվեց մոտ 40 օրականում, նկատեցինք, որ բերանի խոռոչում՝ քիմքի վրա, կարմիր կետ կա։ Բժիշկներն ասացին, որ երբ դա արտահայտվի կամ մեծանա այդ ժամանակ կանհանգստանաք, հիմա դրա կարիքը չկա։ Արդեն 6 ամսականում սկսեց արտահայտվել։ Երբ արդեն սկսեց արյունահոսել, Արցախը  շրջափակման մեջ էր։ Աննային Երևան տեղափոխելը դարձել էր անհնարին»,- MediaHub-ին պատմում է Արցախից տեղահանված Արսեն Աղամալյանը։ 

Նրա դստեր՝ 2.5 տարեկան Աննայի մոտ հայտնաբերվել է քիմքի աջ շրջանի վասկուլյար արտերիովենոզ մալֆորմացիա, որը շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Երեխան շատ հաճախ ունենում է ներքին արյունահոսություններ: Գաղթից հետո Աննայի ծնողները սկսել են բուժման երկարատև գործընթաց։

«Դիմել ենք տարբեր երկրների առաջատար կլինիկաներ, սակայն, արձագանքել է միայն Գերմանիան։ Այս պահին փոքրիկի կյանքին մեծ վտանգ է սպառնում և անհրաժեշտ է շտապ վիրահատություն Գերմանիայի առաջատար կլինիկաներից մեկում, քանի որ ՀՀ-ում դա հնարավոր չէ իրականացնել։ Դա է պատճառը, որ երեխայի բուժման համար սոցիալական ցանցերում սկսել ենք դրամահավաքի ակցիա, քանի որ խոսքը մեծ գումարների մասին է»,- նշեց երեխայի հայրը։

Արսենի խոսքով՝ գուցե երեխայի բուժումն այսքան չբարդանար, եթե Աննային ժամանակին կարողանային տեղափոխել Երևան, եթե Արցախը պաշարված չլիներ։  

Երեխայի բուժման համար առաջին փուլում անհրաժեշտ է շուրջ 17,5 մլն դրամ, որից բուն վիրահատության արժեքը կազմում է շուրջ 15 մլն դրամ: Մնացյալ գումարը կուղղվի բուժման հետ կապված ընթացիկ այլ ծախսերին: 

Աննայի տեղահանված ընտանիքն ի վիճակի չէ ինքնուրույն հոգալ երեխայի բուժման համար անհրաժեշտ ծախսերը։ Դժվարին ճանապարհն անցնելու համար ընտանիքն այժմ ունի բոլորի աջակցության կարիքը։ 

Հունան Թադևոսյան