Իսրայելը ձգտում է 3-րդ համաշխարհային պատերազմի, որը սկսվելու է Մերձավոր արևելքից
Իսրայելական բանակի թիրախում են հայտնվել նաև սիրիական քաղաքները։ Հալեպաբնակ մեր հայրենակից Գևորգ Ճոսլակյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Հալեպում համեմատաբար հանգիստ է, միայն հեռու ձայներն են լսել, իսկ ահա Դամասկոսում հակառակ պատկերն է։ Իսրայելն ամեն ինչ անում է, որ Մերձավոր արևելքի երկրները ներքաշվեն պատերազմի մեջ։
«Իրաքը, Պարսկաստանն ու Եմենն արդեն հարվածել են Իսրայելին, ինչ պետք է լինի չգիտեմ։ Սիրիան հազիվ է փորձում ուղղել մեջքը, երբ նախորդ օրը հարվածեցին Դամասկոսի «Մեզզէ» շրջանին, զոհվել է 3 խաղաղ բնակիչ, կան նաև այլ տուժածներ։ Գիշերը գնդակոծվեց Լաթաքիա նահանգը։ Թիրախում եղել է Զաբլա քաղաքի շրջակայքում տեղակայված ռազմական հենակետերը։ Իմ ունեցած տվյալներով` հայերի շրջանում տուժածներ չկան»,- ասաց մեր զրուցակիցը։
Գևորգը չի բացառում, որ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Եթե օդային հարվածներ են հասցվել Դամասկոսին, ապա հավանականությունը քիչ չէ, որ Հալեպը ևս գնդակոծվի։
«Իսրայելը ձգտում է 3-րդ համաշխարհային պատերազմի, որը սկսվելու է Մերձավոր արևելքից։ Ես անձամբ իմ ընտանիքով ուզում եմ տեղափոխվել Հայաստան, գիտակցելով, որ հայրենիքում ևս իրավիճակն այդքան կայուն չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան