Վանաձորը նորից են խոշորացնելու, որ այս ընտրություններում հաղթեն․ Վահե Դոխոյան

Իմ հայրենակիցները կանգնում են խնդիրների առաջ՝ համայնքապետ չունենալու պատճառով, ի՞նչ անել, երբ խախտվել է ընտրողների սահմանադրական իրավունքը։ Այդ մասին այսօր Արցախի հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանը։

Նա հիշեցրեց, որ Վանաձորում քաոս է, քանի որ ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը շինծու գործով ազատազրկված է։

«Գրեթե մեկ ամիս է՝ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ և այլևս չի վերադարձել։ Սա ծիծաղելի է, մեզ ծաղրում են, ծաղրում են սեփական ժողովրդին։ Հիմա էլ Վանաձորում պետք է օրենքի հերն անիծելով նշանակեն համայնքապետի պաշտոնակատար։ Հաջորդ քայլով էլ ուզում են այդ մարդուն տալ անսահման հնարավորություններ, դրանից հետո էլ խոշորացման տանել համայնքը, որպեսզի ավագանին ցրվի»,- ասաց նա։

Ըստ Վահե Դոխոյանի՝ այդ դեպքում Վանաձորը չափերով հասնելու է Երևանին։

«Դրանից հետո կարող են օրենք ընդունել, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքում համայնքները խոշորացնելու են այնքան, քանի դեռ իրենց սրտի թեկնածուն չի ընտրվել։ Սա չարիքի փոքրագույնն է, կարող էին ասել, որ պետք է գնդակահարել այն թեկնածուին, որն իրենց սրտով չէ, բայց ընտրվել է»,- ասաց նա։