Նոր լարվածություն՝ զորավարժությունների ֆոնին. ի՞նչ արձագանք կլինի Մոսկվայից և Իրանից

Նոր լարվածություն՝ զորավարժությունների ֆոնին. ի՞նչ արձագանք կլինի Մոսկվայից և Իրանից

Ֆրանսիական RTL-ի հետ զրույցում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն հայտնել է, որ առաջին անգամ պատմության մեջ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան։ Երեկ ուշ երեկոյան նա արդեն ժամանել է ՀՀ:

Նախարարը նաև նշել է, որ Հայաստան կառաքվի պաշտպանական  սպառազինության ֆրանսիական խմբաքանակը (գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադարներ): Այս մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2023 թվականի հոկտեմբերին։ Իսկ արդեն 2024-ին նախատեսված են նաև հայ-ֆրանսիական համատեղ զորավարժություններ։ 
Այ հենց սա է, որ անհանգստանալու տեղիք է տալիս:

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ անդամ երկրի հետ ՀՀ տարածքում զորավարժություններից, ինչպե՞ս կարձագանքի ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, որի հետ հարաբերությունները, մեղմ ասած, վերջին երկու տարում վատթարացել են և ՀՀ-ն անցած տարի հրաժարվեց իր տարածքում ՀԱՊԿ-ի հետ համատեղ զորավարժություններից՝ այն դեպքում, երբ այդ կազմակերպության մաս է կազմում: Այս և այլ հարցերի շուրջ, ինչպես նաև սպասվող զարգացումների մասին MediaHub-ը զրուցեց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:

Ի՞նչ են ենթադրում այս զորավարժությունները, ի՞նչ սպասել և հնարավոր է, որ դրանց ավարտից հետո ժամանած ուժերը մնան Հայաստանում:

«Սովորաբար համատեղ զորավարժությունների ժամանակ, օտարերկրյա զինվորականները վերադառնում են հետ: Բացի դա, հայտնի է, որ այս զորավարժությունները շատ սահմանափակ պետք է լինեն: Հիշենք, օրինակ, ավելի վաղ ամերիկացիների հետ անցկացվեցին զորավարժություններ, որի շուրջ աղմուկը շատ ավելի բարձր էր, քան կատարված գործը: Այս անգամ էլ, կարծում եմ, խնդիրը նույնն է»,- ասաց Թստուկյանը:  

Նա ենթադրեց, որ մասնագիտական, խորհրդատվությունների ձևաչափով պետք է լինի: Միգուցե մի քանի սպաներ պետք է գան և հայերի հետ խորհրդակցական դասնթացներ անցկացնեն, որի անունն էլ պետք է լինի զորավարժություններ, չնայած, որ զորավարժություններ ասելով մենք հասկանում ենք մեծամաշտաբ գործողություններ: Բայց իրողություններն այդպես չեն:

Էստուկյանը նշեց, որ հիմա, ներկա իրողություններում այդ զորավարժությունները, հավանաբար, ավելի խորհրդանշական կլինեն, բայց ինքը մանրամասն տեղեկատվություն չունի այս մասին. «Բայց ենթադրելով և նախորդ փորձերի վրա հիմնվելով՝ կարող ենք ասել, որ ավելի շատ աղմուկն է, քան հենց գործողություններ»:

Ինչպե՞ս կընկալվի սա հարևան Իրանի կողմից.

«Դրա համար եմ նշում, որ խորհրդանշական իմաստն ավելին է, քան գործողությունները: Հիմա, հավանաբար, ադրբեջանական մամուլը պետք է այնպիսի աղմուկ բարձրացնի, թե Հայաստանն իբրև թե մերձենում է եվրոպական երկրների հետ զորակցություն ստանալու համար, բայց իրականությունը բացարձակ այդպես չէ: Հայաստանը՝ որպես անկախ պետություն, կարող է ցանկացած երկրի հետ կնքել ցանկացած համաձայնություն, այդ ամենը Հայաստանի իրավասությունների մեջ է, նրա պետական իրավունքն է»,- ասաց նա:

Սակայն Էստուկյանը համաձայնեց, որ դրա հետ կապված ընկալումները խիստ քաղաքական կլինեն և՛ Հայաստանի ներսում, և՛ Մոսկվայում, և՛ Բաքվում: 

Իսկ ի՞նչ արձագանք սպասել Ռուսաստանից՝ հաշվի առնելով, որ մենք ունենք երկկողմ, նաև այլ հաստատված ռազմական համագործակցության փաստաթղթեր: 

«Այդ առումով հայ ժողովուրդը շատ ծանր հիասթափություն ունի: Մենք Արցախյան պատերազմում այդ ծանր փորձն ունեցանք: Բնական է Հայսատանը Ռուսաստանի հետ որոշ դաշնակցական համաձայնություններ ունի, և Հայաստանի ներկայիս սահմանանապահ զորքերը ևս ռուսներն են, բայց դա չմոռանալով էլ, չենք կարող ասել, որ Հայաստանը չի կարող այլ երկրների հետ ևս համագործակցել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ռեբեկա Հովհաննիսյան