Վանդալիզմը շարունակվում է. բնության հուշարձանը քանդելու համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. Դեմոյան

Վանդալիզմը շարունակվում է. բնության հուշարձանը քանդելու համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. Դեմոյան

Փարաջանովի անվան տուն թանգարանի հարակից տարածքում կառավարության թույլտվությամբ շարունակվում է բնության հուշարձանի քանդման-հարթեցման աշխատանքները։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն արդեն մի քանի անգամ է անդրադառնում այս խնդրին, սակայն, հուշարձանը պահպանելու համար համապատասխան կառույցների կողմից որևէ ջանք չի գործադրվել։ 

«Այս պահին կառավարության շենքում շարունակվում է կառավարության հերթական նիստը, իսկ Հրազդանի ձորում հենց այս պահին շարունակվում է 2008 թվականի սեպտեմբերին կառավարության որոշմամբ Երևան քաղաքի տարածքում բնության հուշարձանի կարգավիճակ ստացած ու պետական պահպանության տակ գտնվող ժայռերի հետևողական ոչնչացումը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Դեմոյանը, ապա ընդգծում, որ հուշարձանը գոյացել է հազարամյակների ընթացքում։ 

Այդօրինակ հուշարձաններ Երևանում շատ չեն։ Դեմոյանի խոսքով՝ 2008 թվականից դրանք ներառված են կառավարության կողմից  հաստատված բնական հուշարձանների շարքում։ Սակայն, նույն կառավարությունը տապալում է այդ որոշումը և հատուկ տեխնիկայի միջոցով հողին հավասարեցնում հուշարձանը, որը զբոսաշրջիկների այցելության վայրերից մեկն էր։

 

«Կառավարության որոշումը տապալող կառավարության ներկայացուցիչները հուշարձանը քանդելու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այս տարի նշում ենք Փարաջանովի 100-ամյակը, բայց հոբելյանական տարում նրանք որոշեցին թանգարանից ընդամենը 20մ հեռավորությամբ գտնվող տարածքը վերածել շինհրապարակի, կեղտի ու փոշու մեջ թողնել Փարաջանովի տուն թանգարանը»,- նշում է նա, ավելացնելով, որ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ քանի որ դա բնության հուշարձան է, ապա ԿԳՄՍ-ն դրա հետ գործ չունի:

Հիշեցնենք, նոյեմբերի 7-ին Հայկ Դեմոյանի գրառման հետքերով MediaHub-ը անմիջապես կապ էր հաստատել Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնի հետ, որտեղից մեզ տեղեկացրել էին հետևյալը.  

 «Ս․թ․ նոյեմբերի 7-ին Երևան քաղաքի Հրազդանի կիրճի հատվածում Ս. Փարաջանովի 8 հասցեում Երևանի քաղաքապետարանի կողմից արձանագրվել է «ԿԱՄԵՐՏՈՒՆ» ՓԲԸ կողմից իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով տարածքում առկա սյունաձև բազալտների վնասման դեպք։ 

Ս. Փարաջանովի 8 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով պատկանում է  «ԿԱՄԵՐՏՈՒՆ» ՓԲԸ-ին։ Երևանի քաղաքապետարանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 14-ին նշված ընկերությանը տրամադրվել է բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շենքի կառուցման շինարարության թույլտվություն՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի հ․659-Ա որոշմամբ հաստատված ներդրումային ծրագիրը»: Փաստացի, վանդալիզմը շարունակվում է:
Հունան Թադևոսյան