Կհեռացվի՞ նախարարը

Կհեռացվի՞ նախարարը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ` կասեցնելով հեռարձակումը 30 օրով և մեկ հաղորդման մասով կիրառել վարչական տույժ հասույթի 0.02% չափով։

Բնականաբար, նման որոշմանն անմիջապես արձագանքել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:

Այս քայլը չի կարող զիջում չթվալ նրանց համար, ովքեր օրեցօր ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված դաշնակցային հարաբերությունները խզելու օգտին, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Ընդգծելով, որ Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության և Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև դեկտեմբերի 14-ին կայացել է կառուցողական խորհրդակցություն, որտեղ կողմերը պայմանավորվել են սերտ համագործակցել բոլոր վիճահարույց հարցերի լուծման ուղղությամբ՝ Ռուսատանի դեսպանությունը շեշտում է՝ հանդիպումից մեկ շաբաթ անց, սակայն, հանձնաժողովը վերոնշյալ որոշումն է կայացնում։

Փաստացի, Մոսկվան Հայաստանի իշխանությանը մեղադրում է այն հարցում, որ նա հայ- ռուսական հարաբերությունները դարձրել է ներքաղաքական գործընթացի պատանդ:

Ամենևին ցանկություն չունենք վերլուծել, թե որքանով է օբյեկտիվ ռուսական պնդումը, միայն արձանագրենք, որ Ռոբերտ Խաչատրյանի նկատմամբ հենց դեկտեմբերի 14-ի հանդիպումից հետո սկսվել է անզուսպ քննադատություն, ընդ որում՝ առաջին հերթին ՔՊ պատգամավորների կողմից:
Օրերս, խորհրդանական մի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավորների մի ամբողջ խումբ հարձակվել էր այս նախարարի վրա, ընդ որում՝ հատկապես ագրեսիվ էր Անդրանիկ Քոչարյանը:

Իհարկե, հեռու ենք այն մտքից, թե Խաչատրյանի հնարավոր պաշտոնանկությունը ռուսական հետք ունի. Փաշինյանը պարզապես որոշել է նրանից ազատվել:

Ժամանակին խմբագիր Նիկոլ Փաշինյանը տարբեր «սլիվներով» թիրախավորում էր որևէ գործչի, երբ նրա հետ «հարց» էր ունենում: Հիմա Փաշինյանը վարչապետ է, բայց նրա ձեռագիրը չի փոխվել. նա ուզում է ազատվել ԲՏԱ նախարարից, բայց պատասխանատվությունը թողնում է ՔՊ պատգամավորների վրա, ովքեր «տիրոջ» կամքով ակտիվորեն «փչացնում» են Փաշինյանի առաջիկա «զոհին»:

Վահրամ Բագրատյան