Կարո՞ղ է կրկնվել 98-ի սցենարը

Կարո՞ղ է կրկնվել 98-ի սցենարը

Անընդունելի և առոչինչ․ այսպես է Արցախի խորհրդարանն արձագանքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնցում «անտեսված են Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը»։ 

Երեկ ուշ երեկոյան Արցախի խորհրդարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում միաձայն ընդունված հայտարարությամբ արցախցի պատգամավորները պնդում են՝ Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի ու Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։

Կարող ենք արձանագրել, որ լիակատար ինստիտուցիոնալ խզում է առաջացել պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև:

Նման մի բան Հայաստանի պատմության մեջ եղել է 1998-ին, ինչը հանգեցրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրսժարականին:

Կարո՞ղ է արդյոք պատմության այդ նախադեպը կրկնվել:

Վստահաբար՝ ոչ:

Իրավիճակն է տարբեր: 1998-ին Արցախն ուներ մեծ սուբյեկտություն. ոչ միայն հակամարտության լիարժեք կողմ էր, այլ նաև ներհայկական հարաբերություններում ուներ որոշիչ դերակատարություն:

Մյուս կողմից, 1998-ին Ստեփանակերտում կար ձևավորված էլիտա ու օրակարգ: Այսօր Արցախի քաղաքական էլիտան, մեծ հաշվով, բարոյալքված է՝ կոնսոլիդացիայի բաղադրիչից զուրկ:

Եվ վերջապես՝ փոխված է հայաստանցիների ընկալումը ԼՂ խնդրի, Արցախի վերաբերյալ. դրանք այլևս կոնսոլիդացիայի աղբյուր չեն Հայաստանի հասարակության համար:

Թերևս, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մինչև վերջ կկատարի իր «առաքելությունը», որից հետո կդառնա ժամկետանց:

Վահրամ Բագրատյան