Արտակ Դավթյանը Փաշինյանին չի մեկնաբանում, Օնիկ Գասպարյանը՝ համառորեն լռում է

Արտակ Դավթյանը Փաշինյանին չի մեկնաբանում, Օնիկ Գասպարյանը՝ համառորեն լռում է

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ 2018-ից հետո առաջին բանը, որ արել է, ուսումնասիրել է Արցախայան հարցի բանակցային գործընթացը։

«2019 թվականին ես բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր, տրամաբանությունը հետևյալն էր․ «Տուր ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով», սա է եղել իմ ընկալումը»,-ասել էր Փաշինյանը։

Սակայն նույն ժամանակ արեց հայտարարություններ՝ մեղադրելով բանակին ու զինվորականներին, թե իրենք են կեղծիքներով, նահանջի հրահանգ տալով, օպերացիաները ձախողելով պատճառ դարձել պատերազմի նման ավարտին։

Հատկանշականն այն է, որ Փաշինյանի այս կարծիքը զինվորականները չեն կիսում կամ պարզապես չեն մեկնաբանում։

MediaHub-ի հետ զրույցում ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նշեց, որ Փաշինյանի մտքերը որևէ կերպ մեկնաբանել չի ուզում։ Դավթյանն այլ հարցեր լսել չցանկացավ։

Նույն ժամանակ MediaHub-ը փորձեց այլ գեներալներից ևս մեկնաբանություն ստանալ, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ում Փաշինյանը երեկ մի քանի դրվագով հիշում էր, զանգերը համառորեն անպատասխան թողեց։

ՀՀ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, որը 2020 թվականի պատերազմից հետո Փաշինյանի հրաժարականի կոչով էր հանդես եկել, այսօր MediaHub-ին ասաց, որ վաղուց լրագրողների հարցերին չի պատասխանում։

Ստացվում է՝ մարդիկ, որոնք ակտիվորեն Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, ցույց տալիս, որ համաձայն չեն Փաշինյանի գործունեությանն ու կառավարմանը, այսօր ոչինչ չեն խոսում, երբ Փաշինյանից ուղիղ մեղադրանքներ են լսում։ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե բանակը ինչ ուզել է, տվել է։

Գեներալների լռությամբ կարելի՞ է ենթադրել, որ Փաշինյանը չի ստում․ հստակ չէ։