«Բարի ավանդույթները» շարունակվում են, 4 դատավորների լիազորությունները կդադարեցնի՞ ԲԴԽ-ն. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձևով Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը և Հովիկ Աբրահամյանի տունը սեփականաշնորհած հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին աշխատացրել և առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից: Նարեկ Նալբանդյանը աշխատանքի դիմաց չի վարձատրել նաև «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ժամանակավոր աշխատանք իրականացնող երիտասարդներին, դեռահասներին:
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց պետության նվերը «փակովի» տարբերակով գնած «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի հետ՝ պարզելու, թե ինչու է մարդկանց շահագործում: «Կխնդրեմ ձեր օրաթերթից ինձ վապշե չզանգեք»,- ագրեսիվ տոնով բղավեց նորահայտ գործարարը:
Երբ փորձեցինք պարզաբանել, թե որն է ագրեսիայի պատճառը, հստակ հարցադրում է եղել, Նարեկ Նալբանդյանը շարունակեց ագրեսիան. «Որովհետև դուք արժանի չեք, որ ես ձեր զանգին պատասխանեմ. ինչ ուզում եք, արեք, վոբշմ»:
Ստացվում է, որ պարտքերով, փակովի տարբերակով տարբեր պրոբլեմատիկ բիզնեսներ ու գույքեր ձեռք բերած, բայց պետությանը «Գոլդեն Փելիսի» գումարը չվճարած և ունեցած պարտքերը հաճախ չմարող
Նարեկ Նալբանդյանը, որ մարդկանց աշխատեցնում, բայց չի վճարում, անգամ անչափահասներին է շահագործում եւ իրեն իրավունք է վերապահում ագրեսիվ վարքագիծ դրսևորել: Չնայած, վաղուց հայտնի արտահայտություն է, որ «ճշմարտությունը բարձրաձայնողին չեն ընդունում»: Ոչինչ, կդիմանանք և կշարունակենք բացահայտումները»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, օրերս Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության պետ է նշանակվել Տիգրան Շոխոյանը: Խոսքը նույն Շոխոյանի մասին է, որը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով քննիչն էր:
Իրավաբանական հանրության շրջանում կա տեսակետ, որ այս նշանակումը տեղավորվում է փաշինյանական իշխանության «բարի ավանդույթների» մեջ: Խոսքն այն մասին է, որ քաղաքական գործերով իշխանությանը նվիրում ու հետևողականություն ցուցաբերած, Փաշինյանի քաղաքական կամքը կատարած, «կարովի» գործերը «հորով-մորով արած» իրավապահները պաշտոնի բարձրացում են ստանում: Նման օրինակները քիչ չեն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կախիչ» օպերացիային «զոհ» դարձած Արմեն Ղուլարյանի պաշտոնի համար բուռն պայքար է ընթանում ներիշխանական ֆիգուրների միջեւ։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնը մեկ շաբաթ է` թափուր է, իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է ուզում իր «մարդուն» նշանակել, քանի որ կոմիտեի գործունեությունը հաճախ խաչվում է քաղաքապետարանի մի շարք պատկան վարչությունների գործունեության հետ, ընդ որում՝ եկամտաբեր վարչությունների։ Իսկ թե ով է նրա թեկնածուն, մեր աղբյուրները չեն հայտնում։ Մյուս կողմից՝ այս պաշտոնի համալրման հարցն իր ձեռքից չի ուզում բաց թողնել վարչապետի աշխատակազմը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի։ Իսկ Ղուլարյանն այն մարդն էր, որը բավարարում էր բոլոր կողմերի ակնկալիքները եւ ենթարկվում էր բոլորին։
Կառավարությունում խոսում են, որ թերեւս սա է պատճառը, որ Փաշինյանը հրաժեշտ տվեց իր համերկրացուն, որն իրականում ավելի փոքր պատասխանատվություն էր կրում դպրոցաշինական աշխատանքներում հայտնաբերված թերացումների համար, քան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մարզպետները եւ ԿԳՄՍ նախարարը։
Բանն այն է, որ շինարարական աշխատանքների 2021-2026 թթ․ ծրագրի պատասխանատու եւ համակարգող է նշանակված Տիգրան Խաչատրյանը։ Այդ ծրագրով կառավարությունը նախատեսում է մինչեւ 2026թ. կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ու նախակրթարան։ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ առայժմ միայն նկատողություն է եղել, ասում են՝ Փաշինյանը նաեւ կոշտ զրույց է ունեցել փոխվարչապետի հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանի, Հովսեփ Բեդեւյանի եւ Քրիստինե Մկոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Պատճառն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի որոշում կա, որը փաստացի նրանց դեմ է:
ՀՀ բարձրագույն դատական խորհրդից հաստատեցին «Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը: «Այո՛, հաստատում եմ, որ ԲԴԽ ստացել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդությունը, որի հիմնավորումների համաձայն՝ Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանի, Քրիստինե Մկոյանի, Ռուզաննա Հակոբյանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի», իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների խախտումներ»,- հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
Դատական համակարգում արդեն աղմուկ է բարձրացել, և շատ դատավորներ անհամբեր սպասում են՝ արդյոք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այս դատավորների լիազորություները կդադարեցնի, ինչպես դա փաստացի արեց այլ դատավորների մասով: Այս եռյակում նրա սանիկն է, ընկերն ու «ենթական»:
Հիշեցնենք, որ անցած տարի Բարձրագույն դատական խորհուրդը Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին եւ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացրեց:
Ենթադրվում է, որ այս դատավորները եւս պետք է արժանանան ազատված պաշտոնյաների ճակատագրին:
Եթե նոր քառյակը ներվեց, կնշանակի, որ Կարեն Անդրեասյանն ու իր ճաշակով ձևավորված ԲԴԽ-ն ընտրովի արդարադատություն են իրականացնում, ինչը բազմիցս մերժել է հենց ինքը»: