Դրսում ենք քնել, հայ համայնքը լուրջ օգնության կարիք ունի․ Զարմիկ Պողիկյանը՝ Հալեպում տիրող իրավիճակի մասին

Դրսում ենք քնել, հայ համայնքը լուրջ օգնության կարիք ունի․ Զարմիկ Պողիկյանը՝ Հալեպում տիրող իրավիճակի մասին

Նոր զոհեր չկան, բայց ժողովրդի մոտ խուճապ է, հետցնցումներից ենք վախենում։ Հալեպում այս գիշերը ցրտին, անձրևին գրեթե բոլորը դրսում են քնել, ամբողջ գիշեր մեքենաներում, եկեղեցիներում, ակումբներում ենք քնել։ Մինչև առավոտ էլ հետցնցումներ էին լինում, թեթև էին, բայց պարբերաբար կրկնվում էին։

Այս մասին այսօր MediaHub-ին հայտնեց Սիրիայում «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

«Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասավ 816-ի, իսկ վիրավորները ավելի քան 1800-ն են։ Երկու հայ է զոհվել, տարածվում է, թե չորս զոհ է, բայց սխալ, նույն ընտանիքի երկու անդամը վիրավոր են, հոր ոտքն է կոտրվել, վիրահատվել է, իսկ աղջիկը թեթև վնասվածքներ ունի կրծքավանդակի մոտ, բուժվում է։ Վիրավոր հայեր կան, բուժվում են»,-ասաց նա։ 

Պողիկյանի փոխանցմամբ՝ հայ համայնքից շատերի տները վնասվել են։ 

«Դպրոցներ, եղեկեցիներ են վնասվել, լուրջ փլատակների չեն վերածվել, բայց բավական աշխատանք է պետք, որպեսզի վերականգնեն շենքերը։ Մարդիկ կան, որ անապաստան են մնացել, նրանց համար սնունդ է պետք, լուրջ օգնության կարիք կա, համայնքը ֆինանսական լուրջ օգնության կարիք ունի, որպեսզի մոտակա օրերին բոլորին կարողանա ապահովել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Լիաննա Թորոսյան