Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը․ Ալեքսանդր Պետրակով

Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը․ Ալեքսանդր Պետրակով

«Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր խաղ է սա մեզ համար: Այս պահին մենք մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ենք: Այս խաղը կարևոր է նաև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից»,- ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ սեպտեմբերի 7-ին «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացած նախախաղային մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Հարցին՝ վաղը մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու, և բոլորը երկրպագելու են մրցակցին, հայ երկրպագուներ ներկա չեն լինելու խաղին, դա որևէ ճնշում կամ ազդեցություն կունենա՞ ձեր խաղի վրա, նա պատասխանել է.  «Ընդհանրապես ֆուտբոլիստները միշտ էլ սիրում են խաղալ լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Հուսով ենք, որ այն փաստը, որ վաղը մարզադաշտը լի է լինելու երկրպագուներով, մեզ վրա մեծ ազդեցություն չի թողնի: Մենք ունենք մեր խաղի պլանը և կփորձենք խաղալ հենց մեր ֆուտբոլը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասել է. «Կարծում եմ, որ շատ կարևոր խաղ է վաղը մեզ սպասվում: Եթե Թուրքիայի հավաքականը կարողանա հաղթել, ապա 90 տոկոսով կկարողանա լուծել Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալու հարցը: Իսկ այդ պարագայում մենք կբարդացնենք մեր խնդիրը»։ 

Նա նշել է, որ բոլոր խաղացողներն առողջ են և պատրաստ են վաղվա հանդիպմանը:

Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Թուրքիային։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Սեպտեմբերի 11-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Խորվաթիայի դեմ: