«Գնունու» շուկան ու Մալաթիայի ոսկու շուկան կփակվեն․ տեսչականը խախտումներ է հայտնաբերել

«Գնունու» շուկան ու Մալաթիայի ոսկու շուկան կփակվեն․ տեսչականը խախտումներ է հայտնաբերել

MediaHub-ի տեղեկություններով՝ մոտ օրերս ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կմտնի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հայտնի ոսկու շուկա եւ Վարդանանց փողոցի վրա տեղակայված շինանյութերի տոնավաճառ` հանրության շրջանում հայտնի է «Գնունու» շուկա՝ դրանք փակելու որոշումով։ 

Հիշյալ հաստատություններում տեսչական մարմինը հայտնաբերել է մի շարք խախտումներ։ 

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանն MediaHub-ի հետ զրույցում հաստատեց՝ Մալաթիայի ոսկու շուկայում եւ «Գնունու» շուկայում ստուգումներ իրականացվել է։

«Ձեր նշած շուկաները փակելու որոշման հետ կապված տեղեկությունն այս պահին չեմ կարող տրամադրել, քանի որ դեռեւս վարույթն ավարտված չէ։ Տեսականորեն բոլոր խոշոր առեւտրի կենտրոնները տեսչական մարմնի մասնագետները հերթականությամբ ստուգում են։ Վարչապետի տված հանձնարարականից հետո տեսչական մարմնի ղեկավարը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել եւ հանձնարարել, որպեսզի տեսչականի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ եւ վերահսկողական գործառույթներ իրականացնեն հանրապետության տարածքում գործող բոլոր այն քաղաքացիական օբյեկտներում, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակումներ»,-ասաց Զոհրաբյանը։ 

Նա նշեց, որ այս պահի դրությամբ բոլոր խոշոր առեւտրի կենտրոններում ինտենսիվ ստուգումներ են իրականացվում։

«Ընթացքի ու որոշումների վերաբերյալ այս պահին լրացուցիչ տեղեկություն չեմ կարող հայտնել, որովհետեւ դեռեւս վարույթն ավարտված չէ»,-հավելեց նա։ 

«Մալաթիա» տոնավաճառի գործունեության մի քանի օրվա կասեցումից հետո, երեկ էլ դադարեցվեց Երեւանի Մ․Խորենացու փողոցում գտնվող «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ընկերության աշխատանքը՝ կրկին տեսչականի որոշման հիման վրա։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր, որ հիշյալ հասցեում գործող շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով։ Մեր տեղեկություններով՝ երկու օրից այն կաշխատի:

Նշենք, որ Գնունու շուկան պատկանում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Սլավիկ Ավանեսյանին (Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք): Արդյոք իշխանությունները նախկին պաշտոնյային էլ հնարավորություն կտան շտկել հայտնաբերված խախտումները, ինչպես դա եղավ «Մալաթիա» տոնավաճառի դեպքում. սպասենք զարգացումների: