Արդյո՞ք Փարիզը կդիմի ՄԱԿ ԱԽ

Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ օգնելու Ադրբեջանի շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին․ Figaro-ի տեղեկությունն է, որը ո՛չ հաստատել են, ո՛չ էլ հերքել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։
Ընդամենը մամուլի հրապարակում է՝ առանց պաշտոնական հաստատման, բայց արդեն պատրանքային էյֆորիան սպանել է ռացիոնալ մտածողությունը Հայաստանում: Հիմա էլ ֆրանսիական սպասման հետևանքով ենք հետաձգելու այն քաղաքական լուծումները, որոնք պետք է կայացվեն Երևանում և Ստեփանակերտում:
Փակուղային շրջապտույտը շարունակվում է՝ մսխելով պաշարված Արցախի վերջին ռեսուրսները:
Մի բան պետք է հստակ գիտակցել՝ միջազգային որևէ նախաձեռնություն շատ կարևոր է, բայց երբեք պետք չէ գերագնահատել դրա նշանակությունը ու տրվել սպասումների, որոնք հաճախ չեն ունենում ռացիոնալ հիմք:
Հաագայի միջազգային դատարանը կայացրել է Լաչինի միջանցքը բացելու որոշում, նույն տոնայնության մեջ են արտահայտվել ՄԱԿ ԱԽ երկու նիստերի բոլոր մասնակիցները, բայց միջազգային այդ հորդորները զրոյական նշանակություն են ունեցել Բաքվի համար: Ալիևը շատ լավ գիտի, որ այս պահին Ռուսաստանը հարկադրանքով միջանցք չի բացելու, իսկ Արևմուտքն էլ որևէ պատժամիջոց չի կիրառելու Ադրբեջանի դեմ:
Եվ ուրեմն, որևէ լալահառաչ տեքստ անօգուտ է, եթե չի ուղեկցվելու Ադրբեջանի դեմ հարկադրանքի կոնկրետ մեխանիզմներով:
Վահրամ Բագրատյան