Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել, Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է. Մամուլը՝ սուրճով

Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել, Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու քաղաքապետի՝ ՔՊ-ի կողմից չեղարկված թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը թեեւ հրապարակեց իր կողմից հանձնված թմրանյութի թեստի արդյունքները՝ հայտարարելով, թե թմրամոլ չէ, բայց մասնագետները պնդում են, որ արյան եւ մազի միջոցով արված հետազոտությունները առավել հավատարժան են, քան մեզի թեստի տվյալները:

Եվ այսպես, հաստատելով «Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված բացահայտումը՝ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը հանրայնացրեց թմրանյութի թեստի իր արդյունքները: Նա, նոյեմբերի 12-ին կայացած ՔՊ վարչության նիստից հետո, մեզի թունաքիմիական հետազոտություն է անցել եւ հրապարակեց, որ 20 հետազոտություններից 1-ն է դրական եկել՝ բարբիտուարները, որոնք կան կատվախոտի թուրմի մեջ (валерьянка), կարվալոլի եւ այլն։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք միայն մեզի միջոցով արված հետազոտությունը արտացոլում է ողջ իրականությունը՝ մարդը թմրանյութ գտագործել է, թե ոչ: Մասնագետը «Ժողովուրդ» օրաթերթին բացատրեց, որ տարբեր թեստեր գոյություն ունեն. «Հերոինի դեպքում՝ մի թեստ, կոկաինի դեպքում՝ մեկ այլ թեստ, բարբիտուարների դեպքում՝ մեկ ուրիշը, բայց գոյություն ունեն ավելի առաջատար՝ ավելի ապացուցողական մեթոդներ, որոնք իրականացվում են ավելի լրջագույն միջոցներով։ Թեստեր կարող են բոլորը ձեռք բերել եւ հետազոտել։ Թեստերով հետազոտում են միայն մարդու մեզը։ Իսկ, օրինակ, քննչական մարմինները, նախաքննական մարմինները իրենց որոշումներով մեզ մոտ հետազոտությունների են նշանակում մարդկանց, որոնց կասկածում են թմրամիջոց օգտագործելու համար, եւ այդ դեպքում վաղեմության ժամկետի պատճառով մեզնից պահանջում են, օրինակ, մազի մեջ հայտնաբերել ինչ-որ բան», – «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասնեց Նազինյանը։ Հետաքրքրվեցինք՝ ո՞ր մեթոդի միջոցով է հնարավոր մարդու օրգանիզմում ճշգրտորեն հայտնաբերել թմրանյութի հետքեր, մեզի՞, մազի՞, թե՞ արյան միջոցով, ինչին ի պատասխան՝ Նազինյանը ասաց. «Արյան միջոցով հնարավոր է, բայց արյան միջոցով չի արվում։ Ինչո՞ւ, որովհետեւ մեզով կամ մազով հնարավոր է անել։ Արյունով ստուգելը հնացած է, բայց էլի արվում է, – ասաց Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։

Այսինքն՝ քննչական մարմինները համարում են, որ ամեն դեպքում արյան եւ մազի միջոցով հնարավոր է առավել ճշգրիտ ստուգել՝ մարդն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ ոչ, քանի որ արյան, մազի մեջ թմրանյութը ավելի երկար է մնում, քան մեզի, որտեղից շուտ է մաքրվում:

Այնպես որ, Կարեն Սարուխանյանը, թերեւս, պետք է կրկնի թմրանյութի հետազոտությունը»:

 

«Հրապարակը» գրում է․ ՆԳ Նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին։ Մեզ պատմեցին, որ ոչ միայն ազատել է պաշտոնից, այլեւ հեռացրել է նախարարությունից։ Իսկ Դավիթ Համբարյանի մասին ՆԳՆ-ում ասում են, որ նա Վահե Ղազարյանի «տակ փորող» համար մեկ «գործակալն» էր, սորոսական շրջանակների ամենալուրջ հենարանը համակարգում: Բայց քանի որ նա խժդժություններ էր առաջացնում եւ բացահայտ հավակնում նախարարի պաշտոնին, նորանշանակ նախարարը նրան չհանդուրժեց։

Համբարյանի՝ նախարար դառնալու ձգտումներն այնքան նկատելի են եղել, որ անգամ ՆԳՆ-ում, որտեղ նման խարդավանքներ շատ են տեսել, այդ դրսեւորումներին վատ էին վերաբերվում: Ասում են՝ Համբարյանը շատ ծանր է տարել Արփինե Սարգսյանի նշանակումը, քանի որ հույսեր է ունեցել, որ հաջորդ նախարարն ինքն է լինելու, հատկապես, երբ խոսակցություններ կային, որ Փաշինյանը մտադիր է ՔՊ անդամի` յուրայինի նշանակել ՆԳ նախարար։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ-ում կրկին աշխատանքի է անցել: 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունից դուրս եկած եւ երկար ժամանակ անգործ մնացած Արծրուն Հովհաննիսյանը տեղավորվել էր ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում՝ որպես փորձագետ: Արծրուն Հովհաննիսյանին Անդրանիկ Քոչարյանը հանձնարարություններ էր տալիս, նա կատարում էր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մեկ տարի է, ինչ Արծրուն Հովհաննիսյանը դադարեցրել է աշխատանքն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում: Ինչպես ինքը նշեց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, վերադարձել է ծառայության ՀՀ ՊՆ-ում, իսկ թե որ ոլորտում՝ չմանրամասնեց»:

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօրվա կառավարության նիստում նախատեսվում է ընդունել Հայաստանի Հանրապետության բուհերի 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նախորդ՝ 2024-2025 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել: Ի մասնավորի, Երևանի պետական համալսարանի «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրերի ընդունելության քննություններում «Աշխարհագրություն» մասնագիտության համար նախատեսվող քննությունների շարքում «Աշխարհագրություն» քննությունը փոխարինվել է «Մաթեմատիկա» առարկայի քննությամբ՝ որպես պարտադիր, իսկ «Աշխարհագրությունը» և «Անգլերենը»՝ որպես կամընտրական քննություն: Նույնը վերաբերում է նաև բոլոր բուհերի «Աշխարհագրություն» մասնագիտություն ունեցող կրթական ծրագրերի քննություններին:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական ծրագրերի շարքում ընդգրկվել են՝ «Օգտակար հանածոների հարստացում», «Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր», «Վերամբարձ, ճանապարհային և շինարարական մեքենաներ» կրթական ծրագրերը: Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի գրեթե բոլոր կրթական ծրագրերում «Հայոց լեզու» առարկան դարձել է որպես պարտադիր քննական առարկա: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերում՝ «Սուրդոմանկավարժություն», «Օլիգոֆրենոմանկավարժություն» և « Տիֆլոմանկավարժություն» կրթական ծրագրերը փոխարինվել են «Հատուկ մանկավարժություն» կրթական ծրագրով, և ցանկը լրացվել է ևս 2 նոր՝ «Էրգոթերապիա» և «Արվեստ-արհեստ» կրթական ծրագրերով: