Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին, Համոզում են ձայն տալ ՔՊ-ին. Մամուլը՝ սուրճով

Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին, Համոզում են ձայն տալ ՔՊ-ին. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» գրում է․ 

Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանության Լոռու մարզային վարչությունում բռնության ենթարկած ոստիկաններից մեկը` Գոռ Խարաթյանը, համակարգում հայտնի է որպես «շրջիկ» ջարդարար, որի սադիստական ունակություններն օգտագործում են մարզի բոլոր քաղաքներում, երբ նրա կարիքը զգացվում է։ Դիցուք՝ արցախցի երիտասարդի դեպքը տեղի է ունեցել Վանաձորում, մինչդեռ նույն ջարդարար Խարաթյանը շաբաթներ առաջ էլ «սամասուդ» է իրականացրել ոստիկանության Ալավերդու բաժանմունքում, որին մենք անդրադարձել ենք: Խոսքն այն պատմության մասին է, երբ քաղաքացու մեքենան կանգնեցրել էին, խուզարկել, ապա հորդորել, որ իջեցնի շալվարը, երբ չէր ենթարկվել, բաժին էին տարել ու ծեծի ենթարկել։

Այս դեպքով անգամ վարույթ կա հարուցված` տուժող կողմի դիմումի համաձայն, որով պահանջում են ծեծի անմիջական մասնակից Գոռ Խարաթյանին պատասխանատվության ենթարկել։ Ինչ վերաբերում է Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բորխոյանին, որը ենթակային ծեծելու հրահանգ է տվել, նա էլ աչքի չի ընկնում անբասիր կենսագրությամբ, հայտնի է «տեխասմոտր» կեղծելու գործերով։ Նշենք, որ վերջին օրերին տասնյակ քաղաքացիներ Քննչական կոմիտեի շենքի առջեւ ակցիա են իրականացնում՝ պահանջելով պատժել ջարդարարներին։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ն իր ողջ ներուժը ներդրել է մարտի 30-ին կայանալիք երկու համայնքներում` Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունենալիք ընտրությունների գործընթացների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի «հրահանգով» ՔՊ-ի ողջ վերնախավն իր բոլոր հարցերը, հանդիպումներն ու անելիքները հետաձգել է մինչեւ ընտրությունների ավարտը:

Կարելի է ասել՝ հանապազօրյա ռեժիմով իշխանական ողջ էլիտան իր օրն անցկացնում է հիմնականում Գյումրիում եւ Փարաքարում՝ ընտրազանգվածին իրենց կողմը «թեքելու», ընտրություններում բացարձակ հաղթանակ ապահովելու համար:

Մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ-ական վերնախավը ամենօրյա ռեժիմով զեկուցում է Նիկոլ Փաշինյանին, թե ինչ արդյունք ունեն տվյալ պահի դրությամբ: ՔՊ-ում էլ ներքին հարցումներ են իրականացնում ու իրենց համար արդեն պարզել են, որ Գյումրիում կան թաղամասեր, որտեղ ՔՊ-ն բավականին լուրջ թվային տարբերությամբ պարտվելու է: Հիմա ամեն բան անում են այդ հատվածներում ժողովրդին համոզելու համար, որ ձայնը տան ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին:

Ի դեպ, գյումրեցիները Մինասյանի թեկնածությանը, կարծես թե, այդքան էլ դեմ չեն, բայց քանի որ վերջինս ՔՊ-ի թեկնածուն է, շատերը մերժում են»:

 

«Իրավունք» թերթը գրում է.

«ՔՊ-ական լավատեղյակ աղբյուրների համաձայն` Փաշինյան Նիկոլը «խաղաղության պայմանագրի» շուրջ ստեղծված աղմուկը որոշել է «ջրել»` կառավարությունում «ռակիրովկաներ» անելով, որպեսզի հանրությանը ցույց տա, թե ականջալուր է ցանկացած դժգոհության։

Ըստ նույն աղբյուրների` շուտով գահընկեց կարվի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրան փոխարինելու կգա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, ով ՔՊ ավագանու անդամ է, եւ որ ամենակարեւորն է՝ գոնե, իրոք, բժիշկ է ու տիրապետում է ոլորտին։


ՔՊ-ականներից շատերն էլ՝ ճանաչող-չճանաչող, դրական են արտահայտվել՝ ասելով. «Մենակ թե, Անոյից պրծնենք»։