27, թե՞ 57. թուրքական ԶԼՄ-ները միտումնավո՞ր են շահարկում հայ փրկարարների թեման

27, թե՞ 57. թուրքական ԶԼՄ-ները միտումնավո՞ր են շահարկում հայ փրկարարների թեման

Թուրքիայում և Սիրիայում ուժգին երկրաշարժից հետո, ՀՀ Կառավարության որոշմամբ, Հայաստանից որոնողափրկարարական թիմ ուղարկվեց աղետի գոտիներ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 27 փրկարար Թուրքիա է մեկնել, 29-ը՝ Սիրիա։

Այսօր, սակայն, թուրքական լրատվամիջոցներն այլ թիվ են հնչեցնում, ինչը Հայաստանում, մեղմ ասած, տարակուսանք է առաջացրել:

Այդպես, ըստ Milliyet-ի՝ հայկական թիմը բաղկացած է 57 հոգուց։ Հակասության պատճառը MediaHub-ը փորձեց ճշտել ՀՀ Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։ Գերատեսչությունից, սակայն, պատասխանեցին, որ ի սկզբանե հրապարակված թվերն են ճիշտ, այսինքն՝ Թուրքիա է մեկնել 27, իսկ Սիրիա՝ 29 հայ փրկարար։

Ըստ էության, թուրքական մամուլը տեղեկություն է տարածում, որն իրականությանը չի համապատասխանում։ Ինչը, հաշվի առնելով մեր երկրների միջև առկա «հարաբերությունները», հավելյալ շահարկումների առիթ է տալիս:

Մյուս կողմից, գուցե որևէ դիտավորություն այստեղ չկա և լրագրողն ընդամենը հաշվարկ անելու հետ խնդիր ունի՝ հերիք չի փրկարարների երկու խմբերը գումարել է իրար ու սխալ թիվ է ստացել, հետն էլ այդ թիվը վերագրել միայն Թուրքիա ուղարկված մեր տղաներին:

Հիշեցնենք, որ Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարական թիմն աշխատում է Ադըյաման քաղաքում։