Սննդամթերքի որ տեսակներն են նպաստում քաղցկեղի զարգացմանը

Սննդամթերքի որ տեսակներն են նպաստում քաղցկեղի զարգացմանը

Ներկայումս հստակ պատասխան չկա, թե ինչու են մարդիկ հիվանդանում քաղցկեղով։ Պատճառ չկա, կան միայն ռիսկի գործոններ, որոնք միշտ չէ, որ հնարավոր է ամբողջությամբ վերացնել՝ գենետիկան, օրինակ, հաստատ չի կարելի վերացնել։ Բայց դուք կարող եք նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկը՝ կարգավորելով ձեր ապրելակերպը և սննդակարգը: Ապացուցված է, որ մի շարք ապրանքներ, որոնք պարբերաբար հայտնվում են մեզանից շատերի սեղաններին, կարող են նպաստել քաղցկեղի զարգացմանը։ Իհարկե, դրանցից հրաժարվելը չի ​​երաշխավորում 100% պաշտպանություն քաղցկեղից, բայց եթե ռիսկերը նվազեցնելու հնարավորություն կա, ինչու չընդունել այն։

Ամերիկացի ուռուցքաբան Նիկոլ Էնդրյուսի խոսքով՝ վերամշակված մսի և ալկոհոլի գործածությունը կարող է բարձրացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Այս մասին հայտնում է Healthnews-ը։

Ինչպես պարզաբանել է բժիշկը, ալկոհոլի բոլոր տեսակները պարունակում են էթանոլ, որը լուրջ մուտագեն գործոն է և վնասում է բջջային ԴՆԹ-ն։ Էնդրյուսի խոսքով՝ մարդու մարմնի բջիջներն ամեն օր վնասվում են, քանի որ սա բնական ծերացման գործընթացի մասն է, սակայն, այնուամենայնիվ, ալկոհոլի օգտագործման հետևանքով նման վնասների կուտակումը բարձրացնում է լյարդի, կրծքագեղձի, հաստ աղիքի, ստամոքսի, կերակրափողի, բերանի խոռոչի և կոկորդի քաղցկեղի զարգացման վտանգը:

Ինչ վերաբերում է վերամշակում անցած մսին, ապա այն բարձրացնում է կոլոռեկտալ քաղցկեղի (հաստ աղիքի քաղցկեղ) զարգացման հավանականությունը։ Վերամշակված միս է համարվում՝ կենդանական ծագման այն մթերքը, որը ստացվում է աղով մշակման, պահածոյացման, ծխեցման կամ պահպանման ժամկետի ավելացմանն ու համի բարելավմանն ուղղված այլ գործընթացների արդյունքում: Բանն այն է, որ երշիկի, նրբերշիկի կամ խոզապուխտի պատրաստումը ենթադրում է բարձր ջերմաստիճանի տևական ազդեցություն և պահածոյացնող նյութերի գործածություն, իսկ դրանք քաղցկեղածին գործոններ են։

Բացի այդ ուռուցքաբանը հավելել է, որ վտանգավոր կարող է համարվել նաև կարմիր միսը (խոզի միս, տավարի միս և գառան միս)։ Բանն այն է, որ կարմիր միսը պարունակում է հեմային երկաթ, որը ևս քաղցկեղածին ազդեցությամբ օժտված տարր է։