Ամենամատչելին՝ Վրաստանը, ամենապահանջվածը՝ Եգիպտոս․ ո՞ւր են մեկնելու հայերը Ամանորին

Ամենամատչելին՝ Վրաստանը, ամենապահանջվածը՝ Եգիպտոս․ ո՞ւր են մեկնելու հայերը Ամանորին

Այս տարի արտերկրում ամանորյա և հետամանորյա հանգիստ անցկացնողների քանակն ավելացել է նախորդ տարվա համեմատ, մինչդեռ նախորդ տարի ևս հանգստացողները քիչ չէին՝ պայմանավորված հետքովիդյան և հետպատերազմյան շրջանի հետ։ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց «ՇԵԼԲԻ ՏՈՒՐ» ընկերության ղեկավար Մարինա Ավետիսյանը՝ նշելով, որ տուրիստական գործակալություններն այս օրերին եռուզեռի մեջ են, որպեսզի ամրագրումներն անեն ժամանակին ու բավարարեն պահանջարկը։

Հիմնականում, նշեց նա, երկրներում առաջնահերթությունը տրվում է Վրաստանին, Եգիպտոսին, Միացյալ Արաբական Էմիրություններին, Շրի Լանկային։ Մատչելիության տեսանկյունից այս տարի, անցած տարվա համեմատ, գինն ավելի ցածր է եղել Վրաստանում, որտեղ գնալ ցանկացողների քանակը ևս մեծացել է։ Հատկանշական է, որ մինչև Ամանոր էլ մարդիկ շատ են դիմել հյուրանոցային ամրագրումների համար, քանզի գնային առումով մատչելի է եղել, իսկ Ամանորին, ավանդաբար, ամրագրումների գները կրկնակի թանկանում են։

«Ամանորին ավելի շատ սոցիալապես ապահովված խավն է ճամփորդում, ովքեր ամեն դեպքում յուրաքանչյուր տարի Ամանորին երկրից դուրս են գնում»,-ասաց ընկերության ղեկավարը։

Վերջինս շեշտում է՝ ամրագրումները Հայաստանի տարածքում շարունակում են բավականին թանկ լինել: Իհարկե, ասաց Մարինա Ավետիսյանը, նորաբաց շատ հյուրատներ, փոքրիկ հյուրանոցներ, առանձնատներ կան, որոնք ավելի խելքին մոտ, ադեկվատ արժեքներ են առաջարկում հանգստի համար, քան, օրինակ, հյուրանոցային համալիրը Ծաղկաձորում, Աղվերանում, Դիլիջանում կամ Ջերմուկում։

«Ուրախ եմ, որ այդ գնային սեգմենտը դրված է, բայց ամեն տարի ընդիմանում եմ՝ ինչո՞ւ, որովհետև եթե շեշտը դրվում է ՀՀ քաղաքացիների վրա, ուրեմն մյուս երկրների նման պետք է մեր քաղաքացիների համար այլ արժեք լինի, իսկ օտարերկրյացիների համար՝ այլ»,-ասաց Ավետիսյանը։
Իսկ ինչո՞ւ է Հայաստանում թանկ հանգստանալը, հատկապես՝ Ամանորին, Մարինա Ավետիսյանը հարցին համեմատության սկզբունքով է պատասխանում։

«Օրինակ, եթե Վրաստանում կարողանում ենք պայմանավորվել գործընկերների հետ, ունենալ 4-օրյա տուր, որն իր մեջ ներառում է կեցություն, ընթրիք, նախաճաշ հյուրանոցում, որը չի զիջում հայաստանյան հյուրանոցների մակարդակին, ապա Վրաստանում համարյա կես գին է փաթեթը լինում: Դա հյուրանոցների որոշումն է, իրենք են սահմանում արժեքը»,-ասաց ընկերության ղեկավարը։

Ամանորյա ամրագրումները հիմնականում սկսվում են հոկտեմբերից, բայց ավելի ինտենսիվանում են նոյեմբերին ու դեկտեմբերին էլ չեն զիջում ինտենսիվությամբ: Մարինա Ավետիսյանն ազգային առանձնահատկություն է անվանում այն, որ հայերն ամեն ինչ թողնում են վերջին պահին, մտածելով՝ կեժանանա, ինչպես նաև մեծ խմբերով են ճանապարհորդում և չեն կարողանում միևնույն հայտարարի գալ։

«Բայց, ինչ խոսք, ողջունելի է, որ մեր քաղաքացիները Ամանորը, այդ գեղեցիկ ընտանեկան տոնը, սկսել են անցկացնել ավելի տոնական միջավայրում, այլ երկրներում»,- հավելեց Ավետիսյանը։

Շուշանիկ Միսկարյան