Պատերա՞զմ, թե՞ դաշնակցություն. ի՞նչ է հուշում ՀԱՊԿ-ի պատասխանը

Երեկ ՀԱՊԿ-ը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին: Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի կարգավորվել է Հայաստանի և նրա հարևանների միջև։
Այսինքն՝ եթե ՀԱՊԿ պատասխանատվությունն ավարտվում է այնտեղ, որտեղ պետք է կարգավորված սահման լինի, ապա փաստացի այսօր ՀՀ-ում կազմակերպությունը պատասխանատվության գոտի չունի, քանի որ Ադրբեջանը և Հայաստանը չեն կարգավորել այդ հարցը՝ ըստ էության, սահմանազատում ու սահմանագծում միայն ասվում է, բայց չի արվում: Այլ կերպ ասած, ՀԱՊԿ-ը ուղիղ ասում է՝ «Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում ոչինչ չի պատրաստվում անել, քանզի չկա սահման», հետևապես՝ «չկա պատասխանատվության գոտի»։
Արդյո՞ք իսկապես Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ը ոչինչ չի անի․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։
Վերջինս հիշեցրեց, որ 2020թ․ պատերազմի արդյունքում ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթղթով ձևավորվել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցային հարթակ, որի շրջանակներում նաև պետք է քննարկվեր ու լուծվեր սահմանային նոր կոնֆիգուրացիայի հարցը։
«2021թ․ հունվարին ստեղծվեց Եռակողմ հանձնաժողով, որը պետք է լուծեր սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը, այսինքն, ՀՀ իշխանությունները ևս ընդունել էին, որ Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման խնդիրը մենք ունենք: ՀԱՊԿ-ի պատասխանը հենց դրա մասին է, որ դուք ընդունել եք, որ սահմանների ճշգրտման խնդիրներ ունեք։ Բայց ՀՀ իշխանություններն այն ժամանակ ասում էին, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի կարիք կա, Պուտինն էլ ասում էր, որ դեմարկացիան և դելիմիտացիան պետք է անել այնպես, որ մարդկանց կյանքը, անդորրը չխաթարի»,- ասաց Մաթևոսյանը։
Սակայն ՀՀ իշխանությունները, շարունակեց նա, գնացին ուրիշ ճանապարհով, ոչ թե դելիմիտացիայից ու դեմարկացիայից են խոսում, այլ ասում են՝ «մենք պետք է վերարտադրենք Խորհրդային Միության շրջանակներում եղած սահմանը»։
«Սա լուրջ քաղաքական փոփոխություն է։ ՀԱՊԿ-ը հիմա ասում է՝ «ժողովուրդ ջան, դուք ընդունել եք, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի կարիք կա, դուք դեմարկացիա և դելիմիտացիա արեք, ասեք՝ «սա է մեր սահմանը», մենք էլ կգանք, այդ սահմանը կպահենք»»,- ընդգծեց Մաթևոսյանը։
Քաղաքագետը հավաստիացրեց, որ ՀՀ իշխանությունները, ելնելով իրենց անձնական շահերից, թաղել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թաղել են դելիմիտացիայի և դեմարկացիայի պայմանավորվածությունը։
Այս ամենը, բնականաբար, ՀՀ շարքային քաղաքացու մոտ հարց է առաջ քաշում՝ «եթե Ադրբեջանը նորից կրակի, օրինակ, Ջերմուկի ուղղությամբ, ՀԱՊԿ-ը կպաշտպանի՞ նրան»:
Այս հարցին ի պատասխան քաղաքագետը նկատեց, որ սկզբից շարքային քաղաքացին պետք է հարցն ուղղի Փաշինյանին՝ «եթե այդպիսի բան լինի, ապա առաջինը ո՞վ պետք է պաշտպանի Ջերմուկը, Վլադիմիր Պուտի՞նն ու Լուկաշենկո՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանը և հայկական բանակը»։
«Եթե Հայաստանում չհայտարարվի ռազմական դրություն, եթե համապատասխան զորաշարժ տեղի չունենա զորքերի, դուք իսկապե՞ս կարծում եք, որ ՀԱՊԿ-ը այն պայմաններում, երբ Հայաստանը պատերազմ չի հայտարարել, գալու է Հայաստանի համար ինչ-որ բան անի»,- հարց հնչեցրեց նա։
Իսկ ի՞նչ կանխատեսում ունի Մաթևոսյանը։ Վերջին զարգացումները, նաև ապատեղեկատվությունները, որ տարածում է թշնամի երկրի ՊՆ-ն, մոտալուտ պատերազմի մասին են հուշո՞ւմ, հնարավո՞ր է մոտ ժամանակներս նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից:
Քաղաքագետի խոսքով՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի գոյությունը ուղիղ շաղկապված է Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերություններով.
«Ադրբեջանը, երբ տեսնի, որ արդեն փաստաթղթավորված առումով ֆիքսվել է, որ Հայաստանը աշխարհաքաղաքական շրջադարձ է կատարել, որ այլևս ՌԴ դաշնակիցը չէ, իրենք կարող են պատերազմական գործողություններ իրականացնել»,- ասաց քաղաքագետը։
Այսպիսով, ստացվում է, որ եթե Բաքուն գնա նոր ագրեսիայի, ապա Հայաստանը, ինչպես միշտ, հույսը պետք է դնի իր վրա…
Մարիաննա Արամյան