Մնաց միայն Մխիթարը․ արցախցի երիտասարդը դեռ անազատության մեջ է

MediaHub-ն ամիսներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահում հադրութցի Մխիթար Օհանջանյանի կալանավորման հետ կապված դեպքը, ով աշխատանքից վերադառնալիս ձերբակալվել էր: Մխիթարի ու իր բախտակից մեկ տասնյակ ընկերների օրինակը, որոնց այսօր դատում են, ցույց է տալիս, որ իշխանությունը շարունակում է հետապնդել արցախցիներին, ովքեր սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ներկա են եղել բողոքի ակցիային:
Երեկ տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որի ընթացքում կալանքից ազատվեց Մանվել Պետրոսյանը, իսկ 21-ամյա Մխիթար Օհանջանյանը մնաց միակ արցախցին, որը դեռ կալանավորված է։
Ի՞նչ է տեղի ունեցել երեկվա նիստում. MediaHub-ը զրուցեց Մխիթարի մոր՝ Լիլիթ Մեսրոպյանի հետ։
«Դատական նիստին ազատեցին Մանվել Պետրոսյանին, այդքանով դատական նիստն ավարտվեց, Մխիթարի գործը չքննեցին, սակայն հույս ունենք, որ հաջորդ նիստին կալանքից կազատվի նաև Մխիթարը: Կարելի է ասել՝ մնաց մենակ իմը»,- ասաց Մխիթարի մայրը։
Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 21-ին։
Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից քայլեր ձեռնարկել Արցախի խաղաղ բնակիչներին ցեղասպանության ենթարկող ադրբեջանցիներից պաշտպանելու համար կամ էլ հրաժարական տալ:
Այդ օրը Կառավարության շենքի մոտ ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բավականին տուժած քաղաքացիներ կային:
Մարիաննա Արամյան