Ինձ ո՛չ հրավիրել են, ո՛չ հարցաքննել․ Ջհանգիրյանն էլ պարզունակ մեկնաբանություն է տվել․ Հարությունյան

Ինձ ո՛չ հրավիրել են, ո՛չ հարցաքննել․ Ջհանգիրյանն էլ պարզունակ մեկնաբանություն է տվել․ Հարությունյան

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից տարիներ անց համոզվել եմ, որ Հայաստանի իրավապահ մարմիններին դժվար կլինի բացահայտել պատվիրատուներին, քանի որ միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ նման դեպքերից տարիներ անց տեղեկությունները սողոսկում են։ Ինչևէ, ես համոզված եմ, որ հոկտոմբերի 27-ի պատվիրատուները դրսում էին, ՀՀ-ում չէին։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ 

24 տարի առաջ, Խոսրով Հարությունյանի խոսքով, սպանվեցին ՀՀ-ի պետականության հիմնասյուն համարվող գործիչները։

«Սպանվեց Վազգեն Սարգսյանը և օրեր անց՝ հոկտեմբերի 29-ին, 31-ին տպավորություն էր, որ կա՛ խորհրդարան, կառավարություն, բայց չկա պետություն։ Սա ամենածանր, ճնշող տպավորությունն էր և ես կարծում եմ, որ, ցավոք, մինչև հիմա չենք գիտակցում, որ մեր պետականության կայացման հարցում այդ ոճրագործությունը բեկումնային դեր ունեցավ, բացասական իմաստով։ Ես աշխատել եմ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ, չեմ չափազանցում, բայց մենք, ի դեմ նրա, կորցրինք ոչ միայն հայրենասերի, այլև շատ լուրջ պետական գործչի։ Եթե նա մնար, ես համոզված եմ, որ կյանքի կոչված էինք տեսնելու նրա այն թեզը, որ 21-րդ դարը մերն է լինելու։ Հիմա ձեզ հետ խոսում եմ ու ցավ ապրում»,-ասաց Հարությունյանը։ 

Հարցին՝ այս տարիներին վերջինս հարցաքննվե՞լ է, Հարությունյանը պատասխանեց՝ ոչ։

«Համոզված չեմ, որ հիմա լուրջ հետաքննություն է իրականացվում այդ ուղղությամբ։ Կատարողներին գիտենք, խնդիրը պատվիրատուն է, որը հեշտ չէ բացահայտելը։ Ցավում եմ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը շատ հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով․ սա անբարո է։ Ինձ ո՛չ հրավիրել են, ո՛չ հարցաքննել են։ Ես ժամանակին որպես վկա տվել եմ իմ ցուցմունքները և բավականին մանրամասներով։ Ես այդ օրը նստած էի Վազգեն Սարգսյանի կողքին և լրիվ պատահաբար եմ ողջ մնացել»,- ընդգծեց նա։

Դիտարկմանը՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հարությունյանը որպես վկա չի հարցաքննվել վերջին տարիներին, սակայն Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն ասում է, որ ինքը հոկտեմբերի 27-ի գործով անցած տարի երկու անգամ կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության, վերջինս արձագանքեց․ «Ի՞նչ ասեմ»։ 

Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ այսօր Գագիկ Ջհանգիրյանը, երբ ասում էր՝ իր համար հոկտեմբերի 27-ը բացահայտված է, Հարությունյանը պատասխանեց՝ Գագիկ Ջհանգիրյանին դիմեք։

«Ես պարզ ասում եմ՝ իրեն դիմեք։ Այդ ոճրագործության պատվիրատուները Հայաստանում չեն, այդպես պարզունակ մեկնաբանել հոկտեմբերի 27-ը, նշանակում է ակնհայտ քաղաքական նպատակներ հետապնդել»։ 

Հիշեցնենք, 24 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003 թվականի դեկտեմբերի 2-ին դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Լիաննա Թորոսյան