Հնդկաստանը քննարկում է ԱՄՆ 23 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրքերի նվազեցումը

Հնդկաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների կեսից ավելիի մաքսատուրքերը՝ նոր առևտրային գործարքի շուրջ բանակցությունների շրջանակում: Այս մասին գրել է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
Ըստ Հնդկաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ իշխանությունները պատրաստ են զգալիորեն նվազեցնել կամ ամբողջությամբ վերացնել տարեկան ավելի քան 23 միլիարդ դոլար ընդհանուր գումարի ներմուծման մաքսատուրքեր: Սա Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ից գնված բոլոր ապրանքների մոտավորապես 55%-ն է: Ներկայումս նրանց վրա դրվում են տուրքեր 5%-ից մինչև 30%:
Հնդկաստանը ցանկանում է այս քայլին դիմել՝ մեղմելու «փոխադարձ» մաքսատուրքերի ազդեցությունը, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կիրառել ապրիլի 2-ից։
Աղբյուրները նշել են, որ Հնդկաստանի իշխանությունները գնահատում են, որ այդ մաքսատուրքերը կարող են ազդել ԱՄՆ բոլոր հնդկական արտահանումների 87%-ի վրա՝ տարեկան մոտ 66 միլիարդ դոլար արժողությամբ:
Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ԱՄՆ-ում ներմուծվող ապրանքների միջին մաքսատուրքը կազմել է 2,2%, Հնդկաստանում՝ 12%։ ԱՄՆ-ն Հնդկաստանի հետ ունի 45,6 մլրդ դոլարի առևտրային դեֆիցիտ։
Նյու Դելին հուսով է, որ նման ջանքերը կօգնեն Հնդկաստանին ապահովել ԱՄՆ-ի հետ առևտրային գործարք: Փետրվարին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Թրամփի հանդիպման ժամանակ երկու առաջնորդները նպատակ էին դրել համաձայնագիր ստորագրել մինչև աշուն:
Հանդիպումից հետո նաև ցանկություն է հնչել մինչև 2030 թվականը երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի 127 միլիարդ դոլարից հասցնել տարեկան 500 միլիարդ դոլարի։