Եգիպտոսում հայտնաբերված նոր վիրուսից հայ զբոսաշրջիկները պաշտպանվա՞ծ են

Օրեր առաջ գրել էինք՝ Եգիպտոսում տարածվել է վիրուս, որն ուղեկցվում է տենդով։
Նշվում էր, որ հիվանդության առաջին 200 դեպքերը եղել են Եգիպտոսի Էլ Ալիկաթ գյուղում։ Ախտանիշներն ուղեկցվում են տենդով։ Այս ամենը փոխանցվում է մոծակների միջոցով և դրսևորվում է միայն 4-10 օր հետո։
Ախտանիշներն ի հայտ են գալիս բարձր ջերմության (մինչև 40 աստիճան), ցավերի, գլխացավի, սրտխառնոցի և փսխման տեսքով: Այնուամենայնիվ, շատ դեպքերում հիվանդները հոսպիտալացման կարիք չեն ունեցել: Միևնույն ժամանակ, խորհուրդ է տրվում ծածկոցներ կրել և օգտագործել մոծակների դեմ սփրեյներ:
Արդյո՞ք Հայաստանը որևէ միջոց ձեռնարկում է՝ հաշվի առնելով, որ մեծաթիվ հայեր իրենց հանգիստն անցկացնում են Եգիպտոսում։ Հարցի պատասխանը ստանալու համար MediaHub.am-ը դիմեց առողջապահության նախարարությանը։
Գերատեսչությունից հայտնեցին, որ հայ զբոսաշրջիկները չեն այցելում այն վայրը, որտեղ հայտնաբերվել են վիրուսի դեպքերը։ Եվ, ընդհանրապես, նշված գյուղը ոչ տուրիստական է։
«Բայց և այնպես, մենք հետևում ենք պաշտոնական տեղեկատվությանը ու եթե որևէ ռիսկ լինի, ըստ անհրաժեշտության, միջոցներ կձեռնարկվեն: Այս պահին անհանգստանալու կարիք չկա»,- վստահեցրին առողջապահության նախարարությունից։
Նարե Գնունի