Ջերմուկում շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցիները նույնն են անելու, ինչ Սև լճում․ փորձագետ 

Ջերմուկում շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցիները նույնն են անելու, ինչ Սև լճում․ փորձագետ 

Վեց օր է անցել ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հայտարարությունից, թե Ջերմուկի տարածք մխրճված ադրբեջանցիները շրջափակված են հայկական զինված ուժերի կողմից, և կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի թե՛ սննդով, թե՛ ջրով, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն և նրանք ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու: 

Պաշտպանության նախարարությունից MediaHub-ին տեղեկացնում են, որ այդ առումով որևէ փոփոխություն չկա։ 
Ըստ էության, թշնամու ռեսուրսները չեն սպառվել, իսկ ե՞րբ կսպառվեն, ընդհանրապես՝ մոտ քանի՞ օրվա պաշար են ունենում իրենց մոտ նմանատիպ խմբերը։ Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։ 

«Շրջափակման մեջ հայտնված խումբը չեմ կարծում, որ դիվերսիոն է, գրոհայիններ են։ Իսկ նրանք իրենց հետ շատ մեծ պաշարներ չեն վերցնում։ Մեծ հաշվով սպիտակուցներով հարուստ հավելումներ են ունենում իրենց մոտ, եթե, հատկապես, իրենք ՆԱՏՕ ստանդարտներով են առաջնորդվում»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։ 

Ըստ նրա, այժմ այլ հարց կա՝ արդյո՞ք նրանց անօդաչուներով սնունդ չեն հասցնում, կամ եթե հասցնում են, մենք այդ ԱԹՍ-ներին խփո՞ւմ ենք, թե նման քայլ չենք անում, քանի որ հրադադար է.

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու թիվ չեն հայտնում, թե քանի հոգի է այս պահին շրջափակման մեջ գտնվում»,- նշեց նա։ 

Բայց և այնպես, Կարեն Վրթանեսյանը ցավով նշեց, որ ԳՇ պետի հայտարարությունն էլ իրեն, ինչ-որ առումով, վստահություն չի ներշնչում։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ նման բան ասելով ուղղակի ինչ-որ խնդիր էր լուծվում։ 

«Գուցե և խումբ կա, բայց հարց է մնում՝ ի՞նչ խումբ է, ի՞նչ սպառազինություն ունի։ Հիշո՞ւմ եք՝ Հադրութն ու Շուշին Ադրբեջանի կողմից օկուպացնելու օրերին ասում էին, որ դիվերսիոն խմբեր կան, բայց հետո իմացանք, որ ոչ թե 5-6-հոգանոց խմբեր էին, այլ, իրականում 100-հոգանոց գրոհային խմբեր էին»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։ 

Ըստ նրա՝ այժմ Ջերմուկում կատարվում է այն, ինչ 2021 թվականի մայիսին՝ Սև լճում։ «Թշնամին եկել, տեղավորվում է, մատակարարման խնդիր էլ չկա, հակառակը՝ ամրանում են։ Ենթադրության հարց չէ, ակնհայտ է, որ Սև լճի օրինակն է կրկնվելու, նույնն են անելու։ Ըստ էության, այս հրադադար կոչվածները զուտ ուղղված են նրան, որ ադրբեջանցիները ժամանակ ստանան՝ այդ դիրքերում ամրանալու»,- նկատեց Կարեն Վրթանեսյանը։ 


Նարե Գնունի