Արցախը կվերածվի Ջավախքի, հետո Նախիջևանի, եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը․ Օսկանյան

ՀՀ-ն՝ համագործակցությամբ նաև Ադրբեջանի ու միջնորդների, փորձում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ու Արցախը նրա կազմում ճանաչելու հանգամանքին տալ այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի այդ նույն հանգամանքը։ Այս մասին այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Այսօր այս դիվանագիտական աշխատաքն է ընթանում։ Եթե սա ստացվի իրենց մոտ, կներկայացնեն որպես ձեռքբերում։ Այս փաթեթավորումը ունի երկու դրսևորում։ Առաջինը լեզվական, բովանդակային դրսևորումն է, մյուսը՝ ոճային ու PR-ային։ Սա ակնհայտ է։ ՀՀ իշխանությունների համար դժվար կլինի լղոզել, փաթեթավորել կամ քողարկել Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը։ Այդ քողարկումը, փաթեթավորումը հիմնականում վերաբերելու է նրան, որ փաստաթղթում դրույթ է լինելու, թե, իբրև, հակառակ նրան, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու թեկուզ ընդունում է, որ Արցախը պետք է նրա կազմում լինի, բայց վերջիվերջո, երկխոսություն է լինելու Արցախի հայության ներկայացուցիչների ու Բաքվի միջև, որը տպավորություն է ստեղծելու, որ հակառակ այդ բոլորին, դեռևս Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու և իբր այդ պատուհանը բաց է թողնվելու»,-ասաց նա։
Օսկանյանը նշեց, որ եթե սխալվում է՝ ներողություն կխնդրի։
«Սա այն հարցն է, որ ես կուզեմ սխախվել։ Բայց եթե այդ փաստաթուղթը ստորագրվի այն բովանդակությամբ, որը ես նկարագրեցի, պարզ ասեմ՝ Արցախը կվերածվի Ջավախքի։ Այսօր ունենք ջավախահայություն, նույն սկզբունքով՝ ունենալու ենք նաև արցախահայություն։ Հիշում ենք՝ 1990-ական թվականներին Ջավախքում մարդիկ էին ձերաբակալվում, խնդիրներ էին լինում, Վրաստանի իշխանությունները պատվիարկություն էին ուղարկում, հանդիպումներ էին ունենում Ջավախքի համայնքի ներկայացուցիչների հետ և ինչ-որ լուծումներ գտնում, ահա այսպիսի մի բան էլ լինելու է նաև Արցախում: Բայց Արցախի ու Ջավախքի տարբերությունն այն է լինելու, որ մի քանի տարի, գուցե տասնամյակ անց, Արցախը Ջավախքից վերածվելու է Նախիջևանի․ սա է տարբերությունը։ Եկեք այդ փաստաթղթի ստորագրությամբ ինքնախաբեությամբ չզբաղվենք»,- նշեց Օսկանյանը։