Արտակարգ դեպք՝ Արմավիրում. հրկիզել են Փարաքարի կոմունալ բաժնի փոխտնօրենի Infiniti-ն

Արտակարգ դեպք՝ Արմավիրում. հրկիզել են Փարաքարի կոմունալ բաժնի փոխտնօրենի Infiniti-ն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա են հրկիզել:

Նշված հասցե են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Շահնազարյանի գլխավորությամբ:

Տեղում 29-ամյա բնակիչը, ում անունը նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում, ասել է, որ ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, այրվել է Փարաքար գյուղի Հ. Աբրահամյան փողոցի 12 տան դիմաց կայանված Արամ Սուքիասյանին պատկանող Infiniti մակնիշի ավտոմեքենան: Իրենք մարել են կրակը, սակայն Ա. Սուքիասյանին պատճառվել է նյութական վնաս:

Ահազանգողը հայտնել է, որ այն ոչ թե պատահմամբ է եղել, այլ հրկիզել են: 

Դեպքի փաստով Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Սուքիասյանը Փարաքար խոշորացված համայնքի կոմունալ բաժնի փոխտնօրենն է: