Արցախի պատվիրակությունը վերադարձել է Ստեփանակերտ. ի՞նչ է սպասվում առաջիկա օրերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անցած շաբաթ Երևան մեկնած ԱՀ պատվիրակությունը վերադարձել է Ստեփանակերտ։ Այս մասին MediaHub-ին հայտնեց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկա օրերին սպասվում են մի շարք հանդիպումներ և քննարկումներ, որոնց շրջանակներում կներկայացվեն ՀՀ մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները։
«Այսօր պատվիրակության անդամները կհանդիպեն ԱՀ Աժ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, իսկ վաղը նախատեսվում է հրավիրել Արցախի կառավարության ընդլայնված նիստ։ Արցախի նախագահն առաջարկել է նաև առաջիկա օրերին Ազգային ժողովի նիստի ձևաչափով էլ քննարկում ունենալ»,- ասաց խոսնակը։
Լուսինե Ավանեսյանը տեղեկացրեց, որ քննարկում է նախատեսվում նաև ԱՀ Հանրային խորհրդի անդամների և հասարակության այլ խմբերի հետ։
«Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստատեսության հարցազրույցի առաջարկը, և բոլոր հանդիպումներից և քննարկումներից հետո շաբաթավերջին նախատեսվող հարցազրույցի ընթացքում նախագահը պատասխանելու է հանրությանը հուզող հիմնական հարցերին»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նարե Գնունի