Նիկոլ Փաշինյանն այս տարի կգնա՞ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ուղիղ տասը օրից՝ ապրիլի 24-ին կլրանա Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այդ օրը կգնա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու թուրքի յաթաղանով կոտորված 1,5 միլիոն հայերի հիշատակին։
Նման հարցն, իհարկե, ինչ-որ առումով անբնական է, քանի որ «ոչ» պատասխանի հավանականությունը զրո է, բայց դա այն դեպքում, երբ երկիրը կառավարում են ազգային գաղափարախոսություն ունեցող մարդիկ։ Իսկ մենք այժմ ունե՞նք այդ ազգայինն իրենց երակներում կրող իշխանավորներ. թերևս, ոչ։ Ներկայումս ազգայինի մոդերն տարբերակն են ընտրում մեր երկրի ղեկավարները, որոնց համար պատմականից հրաժարումն ավելի նախընտրելի է։ Չէ՞ որ Փաշինյանինը իրական Հայաստանն է, ոչ թե պատմականը։
Եվ չմոռանանք՝ հունվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Ցեղասպանության ժամանակ:
Ինչևէ, MediaHub-ը փորձեց նրա աշխատակազմից տեղեկանալ՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ապրիլի 24-ին լինելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
«Վարչապետի ցանկացած այցի մասին մենք հանրությանն իրազեկում ենք ճիշտ ժամանակին»,- ավանդական պատասխանը հնչեցրին Փաշինյանի աշխատակազմի լրատվական վարչությունից։
Ամեն դեպքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, թեև իր՝ ժխտողական քաղաքականությանը, Փաշինյանն այս տարի էլ ՔՊ վերնախավի հետ կգնա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ քավության, ինչպես նաև հանրությանն ապացուցելու համար, որ ինքը կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստի եղելությունը, պարզապես հիմա մեր պետության արտաքին գերատեսչությունն այլ առաջնահերթություններ ունի, որոնց մեջ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը թիվ մեկ առաջնահերթությունը չէ (Արարատ Միրզոյանն է հայտարարել) և Հայոց ցեղասպանության հարցը թողնում է պատմաբաններին։
Նարե Գնունի