Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է․
Նախօրեին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև կուսակցության իր ամենահավատարիմների և տեղեկատվական բլոկի պատասխանատուների հետ։ Իշխանական մեր աղբյուրը փոխանցում է, որ մասնավորաբար Փաշինյանը խիստ հանձնարարական է տվել՝ Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված որևէ կոնկրետ մեկնաբանություն չանել՝ արտահերթ նիստից բացի, մնացյալ դեպքերում հնարավորինս թեմայից ուղղակի խուսափել։
«Փաստ» օրաթերթը գրում է
Ադրբեջանական հանցագործ սադրանքներից միայն երեք օր անց Ազգային ժողովն ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարություն: Ուշագրավ է, որ այն ընդունվեց ընդամենը 57 կողմ ձայնով, այսինքն՝ քպականների որոշակի մասը ևս չի քվեարկել: Ընդդիմադիր խմբակցությունները լքել էին նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ ՔՊ-ի ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։
Ինչ վերաբերում է բուն քննարկմանը, ապա քպականները առիթը բաց չթողեցին դարձյալ սլաքներն ուղղել Ռուսաստանի ուղղությամբ: Իշխանական պատգամավորներն ավելի մեղմ էին թշնամական երկրի մասին իրենց որակումներում, քան հայաստանյան ընդդիմության ու ռուս խաղաղապահների հասցեին արված գնահատականներում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 20 օր առաջ ահազանգել էր, որ «Արցախն անկլավ դառնալու» վտանգի առաջ կարող է կանգնել: Այսօր, ցավոք, մեր տեղեկություններն իրականություն են դարձել, ու Արցախի մեր՝ ավելի քան 120 հազար քաղաքացիներն արդեն չրրորդ օրն անընդմեջ ոչ միայն շրջափակման մեջ են գտնվում, այլեւ հումանիտար աղետի առաջ են կանգնած: Ադրբեջանը խոչընդոտում է նաեւ գազամատակարարումը, ու Արցախն արդեն 3-րդ օրն է՝ նաեւ գազ չունի:
Բացի այդ, մոտ 20 օր առաջ արդեն Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Արցախի գլխին կախված վտանգի մասին ծանր զրույց էր ունեցել, նրանց մոտ սրտնեղել, թե այս իրավիճակում Հայաստանը մենակ է մնացել, ու եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սադրանքի դիմել, հայտնի չէ, թե ինչ է լինելու:
ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին խնդրեցինք մեկնաբանել, թե մոտ 20 օր առաջ ինչ են զրուցել վարչապետ Փաշինյանի հետ: «Հիմա դժվար մտաբերեմ այդ մանրամասները, բայց Ադրբեջանի այս պահվածքը սպասելի էր. մենք պետք է նման իրադարձությունների նախապատրաստված լինենք»,- նշեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իրավապահները զբաղվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման դիմումով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ձեռքում կան տվյալներ, որ Ավանեսյանի ընտանիքի հետ կապված «Արմֆարմացիա» ընկերությունը գնումների գործընթացում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերել, ինչը շահերի բախում է: Թե ինչ հետեւանքներ կունենա այս քրգործը Անահիտ Ավանեսյանի գործունեության վրա, դժվար է ասել. ամեն դեպքում, մենք կհետեւենք զարգացումներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել իրականացնել ՀՀ արտաքին գործերի եւ Էկոնոմիկայի նախարարություններում: Ինչ կտան այս ստուգումները՝ ժամանակը ցույց կտա. մենք կհետեւենք զարգացումներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը այս տարվա օգոստոսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը հաշվեքննություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունում եւ հայտնաբերել մի շարք անհամապատասխանություններ:
«Հրապարակ» թերթը գրում է․
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ փաստացի շրջափակման մեջ դնելով ողջ Արցախը եւ հատկապես Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող եւ Լիսագոր գյուղերը, որոնց կապը Ստեփանակերտի հետ դեկտեմբերի 12-ից կտրվել է, այսինքն՝ կրկնակի շրջափակման մեջ են։
Եթե Ստեփանակերտում դեռեւս պարենային խնդիր չկա, ապա նշված գյուղերից որոշներում բնակիչներն արդեն երեկ առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր են զգացել։ Մեզ ահազանգել են, որ որոշ խանութներ իսպառ դատարկվել են եւ երեկվանից փակ են։ Կա նաեւ ծխախոտի, դեղորայքի, վառելիքի խնդիր։
«Հրապարակ» թերթը գրում է․
ՔՊ-ում հակառուսական տրամադրությունները կրկին պիկի են հասել։ Չնայած Նիկոլ Փաշինյանը Լաչինի ճանապարհը փակելու թեմայով չի հանդիպել իր խմբակցության հետ, սակայն «լյուբիմչիկների» միջոցով փոխանցել է, որ երեկվա նիստի ելույթները կառուցեն ՌԴ խաղաղապահների դեմ, իրավիճակի ողջ պատասխանատվությունը դնեն ռուսական կողմի ուսերին։
ՔՊ-ում համոզված են, որ գործ ունենք ռուս-ադրբեջանական սադրանքի հետ, իսկ նպատակը միջանցք ստանալն է։
«Հրապարակ» թերթը գրում է․
Էկոնոմիկայի նախարարությունը 177 մլն 800 հազար դրամի չափով դրամաշնորհ է տրամադրել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամին։ Դա կազմում է մոտ 445 հազար դոլար։