Ուկրաինայի մշակույթի նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան կբողոքարկի «Եվրատեսիլ 2023»-ն այլ երկրում անցկացնելու որոշումը

Ուկրաինայի մշակույթի նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան կբողոքարկի «Եվրատեսիլ 2023»-ն այլ երկրում անցկացնելու որոշումը

Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն մտադիր է բողոքարկել Եվրոպական հեռարձակողների միության որոշումը՝ «Եվրատեսիլ 2023»-ն Ուկրաինայից այլ երկիր տեղափոխելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Հաղորդում է 1tv.ge-ն։

«Ուկրաինան համաձայն չէ նման որոշման բնույթին, երբ մենք կանգնած ենք փաստի առաջ՝ չդիտարկելով այլ տարբերակների հնարավորությունը։ «Եվրատեսիլ 2023»-ի անցկացումը Ուկրաինայում ուժեղ ազդանշան է ողջ աշխարհին, որ նա այժմ աջակցում է այս երկրին։ Մենք պահանջում ենք այս որոշման փոփոխություն, քանի որ կարծում ենք, որ կկարողանանք կատարել բոլոր այն պարտավորությունները, որոնք մենք ստանձնել ենք, և դա բազմիցս հայտարարվել է Եվրոպական հեռարձակողների միության առջև»,- ասել է Տկաչենկոն։

Նախարարի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատասխանել են սահմանված ժամկետում և անվտանգության չափանիշների երաշխիքներ են ներկայացրել։ Բացի այդ, Ուկրաինան արդեն առաջարկներ է ներկայացրել երգի մրցույթի հնարավոր վայրերի վերաբերյալ։ Տկաչենկոյի խոսքով, Ուկրաինան լրացուցիչ բանակցություններ է պահանջում Եվրոպական հեռարձակողների միության հետ՝ կապված «Եվրատեսիլ 2023»-ի անցկացման հետ։ Երկրի մշակույթի նախարարի խոսքով, Ուկրաինան, որպես 2022 թվականի մրցույթի հաղթող, բոլոր հիմքերն ունի հաջորդ տարի հյուրընկալելու «Եվրատեսիլը»։

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) երեկ հայտարարություն է տարածել «Եվրատեսիլ 2023»-ի վերաբերյալ՝ նշելով, որ մրցույթը հաջորդ տարի չի անցկացվի Ուկրաինայում։ Այս որոշման արդյունքում, կանոններին համապատասխան և միջոցառման շարունակականությունն ապահովելու համար, «EBU»-ն բանակցություններ կսկսի «BBC»-ի հետ՝ 2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթի Միացյալ Թագավորությունում հնարավոր անցկացման համար։