Ադրբեջանական կողմը խոչընդոտում է «Արցախգազ»-ի կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է «Արցախգազ»-ի  կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը

Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Շուշիի շրջանի հատվածում ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները ստուգվում են ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից

Սույն թվականի մարտի 8-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը:

Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը:

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում խափանման պատճառները պարզելու, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հնարավոր դիվերսիոն կամ վնասարար դրսևորումները և հանցավոր արարքները վեր հանելու ուղղությամբ:

Այս պահին ԱՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում դեպքի վայր ժամանելու և այն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով հետազոտելու համար, որից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ այդ թվում գազամատակարարման խափանման իրական պատճառների վերաբերյալ:

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակաբար կատարում է օրենքով իր վրա դրված պարտականությունները, պատասխանատվություն է կրում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով դեպքի վայրի հարակից տարածք ներկայացած մատակարար կազմակերպության և իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի ու անվտանգության համար:

Բավարար տեղեկություններ և ապացույցներ ամրագրելուց հետո ծառայությունը հանրությանը լիարժեք տեղեկություն կտրամադրի դեպքի հանգամանքների վերաբերյալ: