Հույս ունենք՝ Կապառոսին մի քանի օրում կհաջողվի հոգեբանորեն վերականգնել հավաքականին․ ծանր առաջադրանք է․ Արման Աբելյան

Հույս ունենք՝ Կապառոսին մի քանի օրում կհաջողվի հոգեբանորեն վերականգնել հավաքականին․ ծանր առաջադրանք է․ Արման Աբելյան

Եթե Հայաստանի հավաքականը հաղթի, փաստորեն, կկատարի իր առջև դրված խնդիրը՝ պահպանել տեղը B լիգայում: Բայց դա շատ բարդ է լինելու: Մի կողմից, վերադառնում են Հարոյանն ու Սպերցյանը, մյուս կողմից, Իռլանդիան հիանալի մարզավիճակում է: Այո՛, մենք այստեղ հաղթել ենք այդ թիմին, բայց այն ժամանակ շատ գործոններ օգնեցին մեզ, այդ թվում՝ եղանակը: Մեր հույսն այն է, որ Կապառոսին մի քանի օրում կհաջողվի հոգեբանորեն վերականգնել հավաքականին, բայց դա ծանր առաջադրանք է: Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց մարզական վերլուծաբան Արման Աբելյանը՝ խոսելով Հայաստան-Իռլանդիա սպասվող խաղի մասին։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Հայաստանի հավաքականն իր սեփական հարկի տակ խոշոր հաշվով՝ 5։0 պարտվեց Ուկրաինայի հավաքականին։ Հարցին, թե Ուկրաինայի հավաքականին պարտվելուց հետո ստեղծված տրամադրվածությունը կազդի՞ վաղվա խաղի վրա, վերջինս պատասխանեց, որ առհասարակ քիչ չեն եղել դեպքերը, երբ հավաքականը ձախողվելուց հետո 3-4 օր անց լրիվ այլ ֆուտբոլ է խաղացել: 

Ըստ նրա՝ նման մենթալիտետը բնորոշ է մեր հավաքականին՝ խաղալ լավ, երբ ոչ ոք ոչինչ չի սպասում.

«Ինչքան էլ հիմա տարօրինակ հնչի, մենք Ուկրաինայի դեմ վատ առաջին կես չանցկացրինք, նույնիսկ հավասար էինք ստեղծած գոլային պահերով: Ամեն ինչ քանդվեց բաց թողած երկրորդ գոլից հետո: Դա մեր գլխավոր՝ տարիներով եկած «հիվանդություններից» մեկն է՝ ինչ-որ պահի հանձնվել և իրար հետևից էլի գոլեր բաց թողնել: Ինչ վերաբերում է տակտիկային, ապա Կապառոսի աշխատանքի առաջին տարում մենք հիմնականում 2 գործոնով ենք առանձնացել՝ ամուր թիմային պաշտպանություն և հակագրոհներ: Հիմա 2-ն էլ չեն աշխատում: Ուկրաինան հենց դրանից օգտվեց և շատ գեղեցիկ թիմային գոլեր խփեց»,-նշեց նա։ 

Աբելյանի մեկնաբանմամբ՝ Իռլանդիան այլ ոճով է խաղում, նրանց հետ մրցավեճում հարկ կլինի ֆիզիկապես հագեցած ֆուտբոլ խաղալ, շատ մենապայքարներում հաղթել:

«Եվ, իհարկե, առանձնահատուկ կերպով կընդգծեի դարպասապահ Յուրչենկոյին, որը պետք է ավելի շատ փրկի մեր հավաքականին, ոչ թե իր դարպասին եկած 6 հարվածից հետո 5 գոլ ընդունի, ինչպես եղավ ուկրաինացիների դեմ հանդիպմանը»,-շեշտեց վերլուծաբանը: 

Խոսելով հավաքականի գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապառոսի պայմանագրի ավարտի և հավանական երկարաձգման մասին, Աբելյանը նկատեց, որ հավաքականը վերջին 1 տարում հետընթաց է գրանցել թե՛ խաղով, թե՛ արդյունքներով: 

«Եթե հավաքականը հաղթի Իռլանդիային և գրավի 3-րդ տեղը, կստացվի՝ Կապառոսն իր առաջադրանքը կատարել է: Սակայն կարծում եմ՝ դինամիկան հուշում է, որ իսպանացին արդեն տվել է հավաքականին այն ամենը, ինչ կարող էր: Հոկտեմբերին կայանալու է ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Նոր մարզչի հետ միայն դրանից հետո հնարավոր կլինի բանակցել: Ֆեդերացիան հայտարարել էր, որ հավաքականի առջև նպատակ է դրվելու եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Իմ կարծիքով՝ շատ գործոններ պիտի համընկնեն, որ մենք ունակ լինենք նման խնդիր լուծելու: Տարիների ընթացքում համոզվել ենք, որ մեր հավաքականը կարևոր պահերին հոգեբանորեն պատրաստ չի լինում այդ քայլը կատարելու: Մենք վատ կազմ չունենք, սակայն նույնիսկ 1-2 կորստի պարագայում դժվարությամբ ենք համարժեք փոխարինողի գտնում: Այնպես որ, նոր մարզչի հետ միանշանակ կարելի է այս կազմով 1-2 քայլ առաջ կատարել, այդ ներուժը կա, սակայն վստահ չեմ, որ այդ 1-2 քայլ առաջը համարժեք է եզրափակիչ փուլի ուղեգրին»,-ամփոփեց նա:

Լիաննա Թորոսյան