Արցախցիների հանրահավաքը վաղը չի կայանա․ խնդիրների լուծման ուղղությամբ կառավարությունից դրական տեղաշարժ կա

Նոյեմբերի 30-ին Ազատության հրապարակում կայանալիք արցախցիների հանրահավաքը չի կայանա։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց հանրահավաքի պատասխանատու կազմակերպիչ, հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
«Այսօր հանդիպել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մակարյանի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ 2 ժամ տևած հանդիպմանը քննարկել ենք տեղահանվածների համար առաջնային սոցիալական խնդիրների և դրանց լուծմանը հասնելու հնարավոր տարբերակները։ Բնակապահովման ծրագրի շրջանակում, հաշվի առնելով խնդրի բազմակողմանիությունը, մի շարք առաջարկություններ եմ արել՝ բազային գումարների վերանայումից մինչև անշարժ գույքի շուկայի գները, չկատարված գործարքների չափերը, ինչպես նաև այդ պրոցեսի դյուրինացումը»,- ասաց Լիաննան:
Կառավարության ներկայացուցիչներին է ներկայացվել նաև իրատեսական զբաղվածության, սոցիալական աջակցության շարունակականության ու մի շարք կարևորագույն հարցեր։ Լիաննայի խոսքով՝ նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում, որի շրջանակում կիրականացվեն անհատական դեպքերի ուսումնասիրություններ։
«Բնականաբար, մեր կողմից այս առաջարկները բավականաչափ ընդունելի չեն, բայց Կառավարության ներկայացուցիչները նշեցին, որ քննարկումները բաց են և շարունակելի։ Միաժամանակ՝ ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ բոլոր այն հարցերը և առաջարկությունները, որ կլինեն հիմնավորված, և տեղահանվածների հարցերով զբաղվող անձանց ու կազմակերպությունների կողմից կներկայացվեն Կառավարությանը, դրանց շուրջ հնարավոր է նախատեսել լայն քննարկում»,- հավելեց նա։
Հաշվի առնելով կառավարության կողմից այս տեղաշարժը՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանրահավաքը չեղարկվել է։
«Եթե նախատեսվող քննարկումները վերջնական իրատեսական արդյունքներ չունենան, Արցախից տեղահանված անձանց հարցերով զբաղվող բոլոր անձանց եւ միավորումների հետ համատեղ ուժերով կկազմակերպվի հանրահավաք»,- ընդգծեց Լիաննա Պետրոսյանը։
Հունան Թադևոսյան