Ոստիկաններին ես չեմ հրավիրել դպրոց․ Նաիրի Զարյանի դպրոցի տնօրենի պարզաբանումը

Ոստիկաններին ես չեմ հրավիրել դպրոց․ Նաիրի Զարյանի դպրոցի տնօրենի պարզաբանումը

Վերջին օրերին ակտիվ քննարկվում է այն լուրը, որ Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի երեք փոխտնօրեններ աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել, քանի որ դեմ են տնօրենի վարած քաղաքականությանը։ Այս ամենի ֆոնին բարձր դասարանների աշակերտները դասադուլ էին հայտարարել, երեկ ամբողջ օրը դամապրոցեսը  խաթարված էր:

MediaHub-ի հետ զրույցում փոխնօրեններից մեկն ասել էր, որ նա չի կարող տեսնել, թե ինչպես է կործանվում դպրոցը, որտեղ բամբասանքը տանելի չէ, իսկ տնօրենը վիրավորում է ուսուցիչներին ու ինքնահաստատվում։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ տնօրենն ու փոխտնօրենները երեկ քննարկում են ունեցել:

MediaHub-ն այսօր զրուցեց տնօրեն Նոնա Հովսեփյանի հետ՝ հասկանալու, թե ինչո՞վ է ավարտվել այդ քննարկումը այսպես կոչված հակամարտող կողմերի մասնակցությամբ:   

«Բամբասանքը թույլատրելի չէ ո՛չ միայն ուսուցիչների, այլ նաև կրթված հասարակության մեջ։ Բայց բամբասանք կա, տեսակետներ կան, ես կապում եմ այդ անանուն բողոքների հետ։ Մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ բարձրաձայնում եմ անանուն “թեժ գծերը” և փորձում եմ պարզել, որ ուսուցիչը ունի դժգոհություն, որ կարողանանք բարձրաձայնել խնդիրը ու լուծումներ տալ, բայց բոլորը լռում են և ասում, որ խնդիրներ չկան, և սկսում է բամբասանքը դպրոցում»,- ասաց տնօրեն Հովսեփյանը։

Իսկ իր հասցեին հնչած այն դժգոհությունը, թե ինքն ինքնահաստվում է, տնօրենն ասաց․ «Ես 19 տարվա մանկավարժ եմ և որևէ տեղ ինքնհաստատվելու որևէ խնդիր չունեմ, մանավանդ, իմ գործընկերների մոտ։ Յուրաքանչյուր ուսուցիչ, որպես մանկավարժ, ունի ինձ հետ հավասար իրավունքներ, միշտ իմ աշխատասենյակի դուռը բաց է եղել և ցանկացած ուսուցիչ, ցանկացած հարցով կարողացել է դիմել և քննարկման սեղանի շուրջ նստել։ Չգիտեմ, թե ինչ նկատի ունի տիկին Մանուկյանը, ասելով, որ ինքնահաստավում եմ, բայց իմ մասով հերքում եմ»։

Անդրադառնալով այն տեսանյութերին, որոնք աշխակերտներն էին նկարել և որտեղ երևում է, որ նրանք դասադուլ էին բղավում, 130 դպրոցի տնօրենը նշեց, որ ամեն օր աշակերտներից հեռախոսները հավաքվում են, սակայն, երեկ բարձր դասարանի աշակերտների ձեռքից հեռախոսները չէին հավաքվել։ 

«Ես միջանցքներում քիչ եմ եղել երեկ, իմ վերահսկողությունը պակասել էր երեկ։ Իսկ ոստիկաններին ես չեմ հրավիրել, ոստիկանները տեսահոլովակներով, ծնողների նկարած լայվերին հետևելով և հասարակական կարգի պահպանման նպատակով մոտեցել էին դպրոց»,- ասաց տնօրենը։

Մեր տեղեկություններով՝ երեկ կայացել է հանդիպում տնօրենի, փոխտնօրենների և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի և պետի տեղակալի միջև:

Տնօրենը հաստատեց՝ նշելով, որ կողմերը քննարկել են դպրոցում ստեղծված իրավիճակը։

«Քննարկել ենք, նախ և առաջ, աշակերտների կրթության անխաթար և անխափան լինելը։ Յուրաքանչյուրս ստացել ենք մեր մասով հանձնարարականներ և պարտավորվել ենք, որ դպրոցում առաջնահերթությունը պետք է տրվի երեխաների կրթության չխաթարմանը»,-ասաց նա։

Մարիաննա Արամյան