Ի՞նչ մեկնաբանություն ունի Լյոկան՝ Սնուփ Դոգի համերգին մասնակցելու առումով

Սնուփ Դոգի երևանյան համերգը շարունակում է ակտիվ քննարկումների առարկա մնալ։ Մարդիկ քննադատաբար են մոտենում հանգամանքին, որ պետբյուջեից այդ համերգին 2 մլրդ 318 մլն դրամ է հատկացվել, մինչդեռ այդ գտումարը կարող էր շատ այլ նպատակների ծառայեցվել։
Խրախճանք ժանտախտի օրերին, այսպես բնորոշեցին այս ամենը քաղաքացիները։ Սուր արձագանքներ հատկապես գերության մեջ հայտնված Արցախից եղան։ Քննադատություններն ու սուր բանավեճերը հատկապես սրվեցին, երբ արցախցի երգիչ Լյոկան հայտարարեց, որ համերգի բացումն ինքն է անելու։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Սնուփ Դոգի համերգի մեկնարկը ինձ է վստահված, ու ես հնարավորություն ունեմ իմ խոսքը լսելի դարձնել այդ մեծ բեմից»։
Այս ամենից հետո լայն քննարկումներ ծավալվեցին, մարդիկ սկսեցին երգչին բացատրել, որ ինքն ուղղակի օգտագործվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից։
«Պարզ չէ՞, որ էդ առաջարկը ձեզ անելը մտածված է։ Պարզ պիտի լիներ, որ պետք է հրաժարվեք ու էս նկարի տեղը հրաժարվելու տեքստը լիներ»,- մեկնաբանությունների բաժնում գրել էր քաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշն էլ նշել էր, որ օգտագործում են ում հնարավոր է, ու վրաները «ղժժում» են։
«Թող չօգտագործվեն, ընտրությունը իրենցն է»,- գրել է նա։
Մեկնաբանելով կատարվողը՝ քաղաքացիներից մեկն էլ նշել է, որ անշուշտ, աշխարհաքաղաքական կենտրոնների լիդերների հայտարարությունն ու քաղաքական գիծը կփշրվեն Լյոկայի՝ Արցախին նվիրված երգերի հնչյուններից, իսկ նրա օտարազգի ֆանատները հզոր ցույցերով կստիպեն իրենց կառավարություններին կոնկրետ քայլեր անել՝ Ադրբեջանի դեմ ռազմական կամ տնտեսական սանցկիաներ կիրառելու համար։
«Մենք ե՞րբ ենք դադարելու ապրել երազների աշխարհում ու սթափվել»,- գրել է նա։
Այս բոլոր մեկնաբանությունների ֆոնին MediaHub.am-ը փորձեց լսել Լյոկայի կարծիքը։
Նա հստակ ու կտրուկ ասաց՝ մեկնաբանություն չունի, ապա շտապ անջատեց հեռախոսը։
Ենթադրոլի է, որ Լյոկան չի հրաժարվի։
Նարե Գնունի